Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազը դիմադրում է հրաժարական ներկայացնելու կոչերին


ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ալբերտո Գոնզալեսը պնդում է, թե դաշնային դատախազներին պաշտոններից հեռացնելու գործը հանձնարարված է եղել իր տեղակալին: Սակայն Կոնգրեսում Գոնզալեսի դեմ հարցումները եւ հրաժարականի պահանջը շարունակվում են:

Գլխավոր դատախազը հայտարարում է, որ իր տեղակալ Փոլ ՄաքՆալթիին էր հանձնարարված որոշել, թե ո՞ր դատախազը պիտի հեռացվեր պատշոնից: ՄաքՆալթին նախորդ օրն էր հայտարարել պաշտոնից հրաժարվելու իր կայացրած որոշման մասին: Ըստ մեղադրանքների, դատախազները պաշտոններից ազատվել են Սպիտակ Տան միջամտությամբ՝ քաղաքական դրդապատճառներով:

«Սպիտակ Տունը հրապարակայնորեն հայտարարել է, որ որեւէ պաշտոնյա այստեղ զբաղված չի եղել այդ ցուցակում ընդգրկված անունները որոշելով», ասում է ԱՄՆ-ի Գլխավոր դատախազ Ալբերտո Գոնզալեսը:

Սակայն Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովում գլխավոր դատախազի նախկին տեղակալը պատմեց Արդարադատության նախարարության վրա ազդելու Սպիտակ Տան նախկին փորձերի մասին: Ջեյմս Քոմեյի խոսքերով, անձամբ Գոնզալեսն է, Սպիտակ Տանն աշխատելու ժամանակ, անհարգի վերաբերվել, այն ժամանակ գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթին, երբ վերջինս ծանր հիվանդ էր:

«Դուռը բացվեց եւ ներս մտավ պարոն Գոնզալեսը՝ ձեռքին մի ծրար: Նրա հետ էր պարոն Քարդը: Նրանք կանգնեցին մահճակալի գլխավերեւում», ասում է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ջեյմս Քոմեյը։

Նա ասում է, թե Գոնզալեսն ու երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը ցանկանում էին ստանալ նրա ստորագրությունը, որը առանց դատարանի արտոնության, կտար մարդկանց լրտեսելու իրավունք: Էշքրոֆթը չի ստորագրել:

«Կասեի, որ հիվանդանոցում տեղի ունեցածը շատ հստակ կերպով արտացոլում է օրենքի նկատմամբ պարոն Գոնզալեսի անհարգալից վերաբերմունքը», ասում է Սենատոր Չարլզ Շումերը:

Հանձնաժողովի նախագահ Փեթրիք Լիհիի խոսքերով, այս դեպքը իրավապահ մարմինների մասին մտահոգիչ հարցեր է հարուցում.

«Սա իր բուն գործունեության շրջանակները կորցրած բաժանմունք է, որը ղեկավարվում է Սպիտակ Տան քաղաքական թեւի կողմից»:

Սենատորներից ոմանք շարունակում են պնդել, որ Գոնզալեսը հրաժարարկան ներկայացնի: Վերջինս դիմադրում է: Իսկ նախագահը շարունակում է իր աջակցությունը հայտնել նման իրավիճակի մեջ հայտնված գլխավոր դատախազին։

XS
SM
MD
LG