Մատչելի հղումներ

Ռուսաստանը  օտար քաղաքացիներին արգելում է աշխատել շուկաներում


Նոր օրենքի համաձայն, օտար քաղաքացիները զրկվում են Ռուսաստանում որոշակի աշխատանքներով զբաղվելու իրավունքից: Պաշտոնատար անձանց խոսքերով, դրա նպատակը ստվերային տնտեսության դեմ պայքարն է, այլոց կարծիքով, այդ օրենքը թերրի է ու անարդար:

Միլիոնավոր մարդիկ են Ռուսաստանում այսօր կորցնում իրենց աշխատանքը: Տաջիկստանից այստեղ ժամանած Խալիմյոն Ախմադալիեւը անցած տասներկու տարիներին բանջարեղեն էր վաճառում Մոսկվայի տարբեր շուկաներում.

«Արդար չէ, քանի որ շատ ենք չարչարվել այստեղ գալու եւ հացի փող վաստակելու համար: Երեխաներս սովորում են այստեղ: Այժմ ստիպված եմ նրանց հանել դպրոցից ու հեռանալ տուն»:

Ռուսաստանում հունվար ամսին ընդունեցին որոշում, որն արգելում էր օտար քաղաքացիներին այստեղ վաճառել ալկոհոլային խմիչքներ եւ դեղորայք: Ապրիլի 1-ից նրանք զրկվեցին նաեւ շուկաներում ապրանք վաճառելու իրավունքից: Այս որոշումից հետո սկսվեցին անհանգստություններ, որոնցից ամենամեծը՝ Կոնդոպոգա քաղաքում, երբ տեղի չեչենների հետ ընդհարման ժամանակ սպանվեց երկու մարդ:

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հնարավոր են համարում ազգամիջյան նոր լարվածություն Ռուսաստանում: Արդեն ամիսներ շարունակ տարբեր խմբավորումներ, հատկապես ծայրահեղ ազգայնամոլական «Շարժում ընդդեմ անօրինական փախստականության» կողմից Մոսկվայում ու այլ քաղաքներում անցկացված «Ռուսական երթ»-ից հետո, նախազգուշացնում էին երկրում աճող ռասիզմի դրսեւորումների մասին:

Նիկիտա Մկրտչյանը Մոսկվայի տնտեսական կանխատեսումների հաստատությունում ներգաղթի հարցերով փորձագետ է, ում խոսքերով, այս եղանակով կառավարությունը պարզապես փորձում է ընտրական տարում նոր ձայներ հավաքել.

«Իշխանավորները ցանկանում են ցույց տալ, որ լսում են մարդկանց պահանջները: Եթե մարդիկ չեն ուզում շուկաներում տեսնել օտարների, կառավարությունը ուղիներ է որոնում այս մարդկանցից ազատվելու համար»:

Մկրտչյանի խոսքերով, նման քաղաքականությունը կարող է վնասակար հետեւանքներ ունենալ տնտեսության վրա: Եթե մոտ մեկ միլիոն օրինական փախստական է այսօր աշխատում Ռուսաստանում, ապա անօրինական եւս 1Ձ միլիոն փախստական է բնակվում այստեղ ու ստանձնում այնպիսի աշխատանքներ, որոնք ռուսները չեն ուզում կատարել.

«Տնտեսական աճի պատճառով, շուտով ամենուրեք կզգանք աշխատուժի պակաս եւ այդ խնդիրը չպիտի կարողանանք լուծել առանց ներգաղթյալների»:

Նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբեր ամսին հայտարարեց, թե շուկաները հաճախ ենթարկվում են «ազգային գունավորում» ունեցող հանցնագործներին ու կոչ արեց կառավարությանը միջոցներ ձեռնարկել «ռուս արտադրողներին ու տեղի բնակչությանը պաշտպանելու» համար:

Այն մտավախությունը կա, որ անհույս վիճակում հայտնված օտարների կողմից ոստիկաններին կաշառելու դրդապատճառը կարող է տանել դեպի կաշառակերության տարածում այն դեպքում, երբ Միջազգային թափանցիկություն հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականով, Ռուսաստանն արդեն իսկ աշխարհի ամենակաշառարված երկրներից մեկն է:

XS
SM
MD
LG