Նախագահ Բուշն ասում է, թե Իրաքի անվտանգությունն ապահովելու գործում ամերիկյան եւ Իրաքյան ուժերը կատարում են առաջընթաց: Միչիգանում ելույթ ունենալով, նա ասել է, թե հաջողությունն Իրաքում կարեւոր է Ալ Քայիդայի ներկայությունը Մերձավոր Արեւելքում արգելելու համար:
Նախագահ Բուշը կարծում է, որ իրաքյան զորքերն ու անվտանգության ուժերը ձեռք են բերում վստահություն ու փորձառություն, սակայն գտնում, որ ամերիկյան ուժերի դուրս բերումը լի է աղետալի հետեւանքների վտանգով.
«Իր նպատակներին հասնելու ճանապարհին դա կլինի ամենալավ հնարավորությունը Ալ Քայիդայի համար: Նրանց նպատակը Մերձավոր Արեւելքում ազատ հասարակության արգելումն է, ինչին ցանկանում են հասնել անսպասելի հարձակումներով եւ բռնությունների մեջ իրաքցիներին ներքաշելով, ու փորձելով ապացուցել ամերիկացիներին, որ միջկրոնական սպանություններն այստեղ երբեք չեն դադարելու»:
Միջկրոնական բռնությունների հարցը դարձել է Միացյալ Նահանգներում քաղաքական թեժ քննարկումների առարկա: Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատները ընդունել են պատերազմի բյուջեն ամերիկյան զորքերի դուրս բերումը նշող ժամանակացույցի հետ կապող որոշումներ: Նախագահ Բուշը պարբերաբար հանդես է եկել այդ որոշումները վետոյի ենթարկելու խոստումներով։ Սենատի մեծամասնության ղեկավար սենատոր Հարրի Ռիիդն ասում է.
«Կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը եւ դուք պետք է կայացնեք ձեր սեփական որոշումը, քանի որ նախագահն էլ գիտե, որ այս պատերազմը տանուլ ենք տվել»:
Կոնգրեսի հանրապետականներն այս խոսքերից հետո անմիջապես հանդես եկան քննադատական խոսքերով։ Հարապետական կոնգրեսական Փիթըր Հոքստրան Միչիգընի նահանգից ասում է.
«Եթե Հարրի Ռիիդը կարծում է, որ տանուլ ենք տվել, ապա որտե՞ղ է հաղթանակի նրա ծրագիրը, որտե՞ղ պիտի պայքարենք արմատական ռազմատենչ իսլամի դեմ»:
Դեմոկրատական կուսակցության անդամները հայտարարում են, որ զորքերը հանելու պահանջը գալիս է Իրաքի նոր ղեկավարության թերացումներից: Նախագահ Բուշն ասում է, թե ինքն այժմ ճնշումներ է բանեցնում վարչապետ Նուրի ալ-Մալիքիի նկատմամբ.
«Ես շատ հստակ ասել եմ վարչապետին, որ մեր համբերությունն անվերջ չէ եւ այժմ Իրաքի ժողովրդի եւ ընտրվածների պարտքն է ցույց տալ բոլորին, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ հաշտեցման ու երկիրն առաջ տանելու համար»:
Նույն դիրքերից էր հանդես եկել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը անցած ուրբաթ օրը Իրաք կատարած այցի ժամանակ: Նա, չընդունելով հանդերձ պատերազմը տանուլ տալու մասին Ռիիդի խոսքերը, հայտարարել էր, թե դեպի հաշտեցում տանող քաղաքական ուղին որոշիչ դեր կունենա ամերիկյան զորքերն այս ամռանը Իրաքից դուրս բերելու հարցում: