Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Օհայո նահանգնում վերջերս հանդիպում ունեցավ մի խումբ գործարարների ու բարձր դասարանների աշակերտների հետ՝ խոսելով ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պատերազմի մասին:
Նախագահ Բուշն ասում է, թե հավատում է ահաբեկչության դեմ ամբողջ աշխարհում պատերազմելու հաջողությանը: Նրա խոսքերով, այն ինչ տեղի է ունենում մյուս կիսագնդում, անտեսվելու դեպքում, կարող է տեղափոխվել Ամերիկա.
«Մեզ պաշտպանելու ամենալավ ձեւը դրա դեմ օվկիանոսի այն կողմում պայքարելն է: Այսինքն՝ չենք կարող անտեսել սպառնալիքը եւ մտածել, որ այն չի հասնի այստեղ»:
Ներկա ամենամեծ սպառնալիքը, նրա խոսքերով, Իրաքում տիրող իրադրությունն է: Նա ասաց, թե այնտեղից ամերիկյան զորքերի դուրս բերումը ահաբեկչության դեմ պատերազմի համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ.
«Եթե մենք այսօր դուրս գանք քաոսի մեջ գտնվող Իրաքից, այն ոչ միայն ավելի ազատ ու ոգեւորված գործելու հնարավորություն կտա ծայրահեղականներին, այլ նաեւ կարող է միջուկային զենքերի մրցավազք առաջ բերել Մերձավոր Արեւելքում»:
Նախագահ Բուշն այս մեկնաբանություններով հանդես եկավ պատերազմի հարցը երկրի օրենսդիրների հետ քննարկելուց հետո, ովքեր ֆինանսավորման համար դնում են զորքերը դուրս բերելու պայման։ Նախագահն ասաց.
«Զորքերին չկաշկանդելու համար հարկավոր է ապահովել նրանց ֆինանսավորումը, որից հետո կարելի է քննարկել քաղաքականությունն Իրաքում»:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին պնդում է, թե ֆինանսավորման հարցը չէ, որ վնասում է զորքերին.
«Վարչակազմն է, որը մերժում է մեր զորքերն ապահով կերպով հետ բերելու համար այնտեղ քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական փոփոխություններ իրականացնելու պահանջը»:
Նախագահ Բուշը շարունակում է պնդել, թե վետոյի կենթարկի զորքերի դուրս բերման մասին ժամանակացույց ընդգրկող որեւէ բանաձեւ: