Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի հանդիպումը կոնգրեսի ղեկավարների հետ


Նախագահ Բուշը հանդիպում ունեցավ կոնգրեսի դեմոկրատ ղեկավարների հետ՝ քննարկելու իրաքյան պատերազմը եւ սեպտեմբերից հետո ամերիկյան զինված ուժերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշման բանաձեւը, ինչի դեմ ինքը հանդես է գալիս նախագահական վետոյի սպառնալիքով:

Ռազմական առաքելությունը ֆինանսավորելու մասին իրենց օրինագծերում ե՛ւ Սենատը ե՛ւ Ներկայացուցչիների պալատը դնում են զորքերն Իրաքից հանելու ժամանակացույցի մասին պայման:

Բուշը հայտարարում է, որ այդ պայմանի պատճառով, վետոյի է ենթարկելու օրինագիծը: Իրարամերժ այս երկու հարցերի վրա կենտրոնացան Սպիտակ տանն անցկացված քննարկումները:

Հենց սկզբում Բուշն ասաց, թե լսելու է բոլոր տեսակետները.

«Ես էլ ունեմ իմ տեսակետը եւ ուզում եմ, որ այն եւս ներկայացնեմ ձեզ: Խնդիրը մեր զորքերին ֆինանսավորելու ամենալավ ուղին ընտրելու հարցն է»:

Հանդիպումից հետո Սենատի մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդը ասաց, թե ինքը Բուշին հորդորել է ստորագրել բանաձեւը.

«Կարծում ենք, այս հարցում ճիշտ դիրք ենք զբաղեցրել մեր ժողովրդի, կոնգրեսի մեծամասնության ու զինված ուժերի համար»:

Բուշին նույն կոչով է դիմել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ ակնարկելով սակայն, որ դեռեւս տեղ մնում է բանակցությունների համար.

«Կարծում եմ, այս զրույցը կարող է դառնալ հետագա քննարկումների հիմք: Այն փաստը, որ ամեն կողմ պնդում էր իր դիրքը, չի նշանակում, թե այս քննարկումներն ավարտված են: Սա է կառավարական բանակցությունների ձեւը»:

Իսկ կոնգրեսի հանրապետական ղեկավարները հայտարարում են, թե անկախ դեմոկրատների համառության մակարդակից, նախագահ Բուշը չի շեղվի իր ուղուց.

«Կարծում եմ, նախագահը դեմոկրատներին հստակ կերպով բացատրեց, թե ինչ կանի կամ չի անի ինքը: Եւ պարզ է, որ չի ստորագրի մեր զորքերի ձեռքերը շղթայող որոշում:

Չնայած շատ գովելի էր հանդիպման ընթացքում բոլոր տեսակետները բոլորի կողմից ուշադրությամբ լսելու փաստը»:

Իսկ մինչ քննարկումները շարունակվում են, բռնությունները չեն դադարում Իրաքում, ինչի ցայտուն օրինակը ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից 183 անձանց սպանության փաստն էր:

XS
SM
MD
LG