ԱՄՆ-ի նախագահ Բուշը կոնգրեսի երկու կուսակցությունների ղեկավարներին եկող շաբաթ հրավիրել է Սպիտակ տուն՝ Իրաքում ամերիկյան ուժերին ֆինանսավորելու հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Սակայն կոնգրեսի դեմոկրատ ղեկավարները մերժել են նրա այդ հրավերը։
Իրաքում ամերիկյան զորքերի ֆինանսավորման շուրջ հակամարտությունը շարունակվում է Սպիտակ տան ու կոնգրեսի դեմոկրատ անդամների միջեւ: Գարնանային արձակուրդներից հետո աշխատանքները վերսկսած սենատի դեմոկրատական կուսակցության ղեկավար Հարրի Ռիիդը շարունակում է պնդել, որ զորքերը դուրս բերվեն 16 ամսվա ընթացքում.
«Հակառակ մեր ջանքերին, նախագահը շարունակում է Իրաքում անմիտ ռազմավարությունը, ինչը Հռոմի պապի խոսքերով, շարունակվող ջարդ է»:
Վաշինգտոնի մոտակայքում զինվորական վետերանների հետ հանդիպման ժամանակ Բուշն ասաց, թե դեմոկրատները ֆինանսավորման հարցը օգտագործում են քաղաքական նպատակներով.
«Մենք պատերազմի մեջ ենք: Եւ հաջողության համար անհրաժեշտ բյուջեի հաստատման հարցը ամիսներ շարունակ ձգձգելով, դեմոկրատները կատարում են անպատասխանատու քայլ»:
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին, որի երկրում բռնությունները թեժանում են, հայտարարում է, թե կառավարությունն ամեն ինչ անում է երկրում անվտանգությունը վերականգնելու համար: Մինչդեռ նախկին վարչապետը սուր քննադատության է ենթարկում կառավարությանը.
«Կարծում եմ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները օրինակ ծառայի եւ կատարի շրջադարձ Իրաքի հարցում»:
Ալավին գտնում է, որ միայն ռազմական եղանակով հարցը չի լուծվի եւ առաջարկում ԱՄՆ-ի ղեկավարությամբ այստեղ դնել անվտանգության հիմքեր.
«Եթե բոլորս միավորվենք, կկարողանանք հաղթել հակառակորդին ու հաստատել հարատեւ դադար»:
Նախագահ Բուշը համոզված է, որ նման գործողությունները կիսատ թողնելու դեպքում կսկսվի քաոս.
«Բռնությունները կարող են տարածվել երկրով մեկ ու հարեւան երկրներ»:
Բուշը կոնգրեսականներին հրավիրում է Սպիտակ տուն՝ զորքերը ֆինանսավորելու շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Սենատում դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդն ասում է.
«Նախագահը պետք է հրաժարվի քաղաքական նպատակներից ու փոխզիջման համար տեղ զբաղեցնի բանակցությունների սեղանի շուրջ»:
Նախագահը շարունակում է պնդել, որ վետո կդնի զորքերը հետ քաշելու որեւէ օրենքի վրա, իսկ դեմոկրատները՝ ցանկանում այդ ձեւով նախագահի վրա դնել ամերիկացիների մեծամասնության կողմից սխալ համարվող այս պատերազմի պատասխանատվությունը: