Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը խոստանում է այս տարվա ընթացքում փոփոխության ենթարկել ներգաղթի մասին օրենքները: Նա պահանջում է խստացնել սահմանային հսկողությունը եւ օրինական կարգավիճակ շնորհել անօրինական փախստականներին: Մեքսիկային սահմանակից Արիզոնա նահանգի Յումա քաղաքում նախագահ Բուշը վերսկսեց երկրի ներգաղթի մասին օրենքները բարեփոխելու իր կոչերը՝ հայտարարելով, թե դա հարկավոր է սկսել սահմանային վերահսկողությունը խստացնելու միջոցառումներից.
«Այս սահմանը բաց պիտի լինի առեւտրի եւ օրինական ներգաղթողների առջեւ եւ փակ՝ հանցագործների, թմրանյութերի վաճառքով զբաղվողների ու ահաբեկիչների համար»:
Բուշը խոստանում է, այս տարվա ընթացքում օրենքն ընդունելու համար, աշխատել կոնգրեսի դեմոկրատ ու հանրապետական անդամների հետ: Նախորդ ջանքերը, նրա խոսքերով, չեն անդրադարձել անօրինական ներգաղթի տնտեսական պատճառներին.
«Երբ Տեխասի նահանգապետն էի, հաճախ էի ասում, որ մարդիկ այստեղ են գալիս, որ մեր սեղաններից չպակասի միրգը ու կատարում աշխատանքներ, որոնք ամերիկացին չի անում»:
Բուշն առաջարկում է ընդունել մի ծրագիր, ըստ որի անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ տրվեր մարդկանց ՝ գործատերերին թույլ տալով նրանց ընդունել ժամանակավոր աշխատանքի: Նախագահն ասում է, թե դեմ է անօրինական փախստականներին «ներում» շնորհելու մտքին, սակայն մտածում է արդեն ԱՄՆ-ում բնակվողների կարգավիճակը ճշտելու մասին.
«Այժմ կոնգրեսականների հետ աշխատում ենք անօրինական բոլոր փախստականներին մեխանիկորեն քաղաքացիություն շնորհելու եւ նրանց բոլորին արտաքսելու տարբերակների միջեւ միջին որոշում կայացնելու համար: Գործնական չէ վերցնել 1Ձ միլիոն մարդու եւ հետ ուղարկել իրենց տները»:
Բուշի հանրապետական կուսակիցները դեմ են նրա ծրագրին ու պահանջում են պարզապես ավելի խիստ հսկողություն սահմաններին: Enterprise հաստատության ամերիկյան քաղաքականության հարցերով փորձագետ Ջոն Ֆորթիերն ասում է, թե այս ծրագիրը հաստատելու համար նախագահը պետք է հույսը դնի դեմոկրատների վրա.
՛՛Կոնգերսում մեծամասնություն կազմող դեմոկրատներն ընդհանուր առմամբ աջակցում են Բուշի այս ծրագիրը: Ու նա պիտի պարզապես փորձի գտնել իրեն այս հարցում աջակցող հանրապետականների՝՝:
Սենատն անցյալ տարի ընդունեց անօրինական փախստականների առջեւ դեպի քաղաքացիություն տանելու ուղի հարթող օրինագիծ, ինչը սակայն մերժվեց Ներկայացուցիչների պալատում: