Մատչելի հղումներ

Եւրոպայում հակահրթիռային պաշտպանության Միացյալ Նահանգների համակարգը մտահոգում է Ռուսաստանին


Չնայած ԱՄՆ-ը փորձում է վստահեցնել, որ Եւրոպայում հակահրթիռային պաշտպանության իր համակարգը չի վնասի Ռուսաստանի անվտանգությանը եւ իր հրթիռները չունեն մարտագլխիկներ, Ռուսաստանը գտնում է, որ ԱՄՆ-ը աշխարհը մղում է սպառազինության նոր մրցավազքի:

ԱՄՆ-ը պատրաստվում է եկող հինգ տարիների ընթացքում Եւրապայում տեղակայել հակահրթիռային համակարգ՝ ոչնչացնող տասը հրթիռ Լեհաստանում եւ հետապնդող ռադար Չեխիայի Հանրապետությունում: Ամերիկացի պաշտոնատար անձինք ասում են, որ համակարգն ունի զուտ այլ երկրների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակ, իսկ Ռուսաստանը Բուշի վարչակազմի այս ծրագիրը՝ համարում իր նկատմամբ սպառնալիք:

Դեռեւս փետրվար ամսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրեց Միացյալ Նահանգներին՝ իր սահմաններից ամեն կերպ դուրս գալու եւ իր կամքը այլոց պարտադրելու մեջ: Պուտինն ասում է, թե ԱՄՆ-ի նման քայլերը հրահրում են զենքերի նոր մրցավազք: Ռոուզ Գոթեմոլլերը Մոսկվայում Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության ղեկավարն» է.

«Ռուսներն այս հարցն ավելի շատ համարում են քաղաքական խնդիր: Նրանք ասում են, տեսե՛ք, սառը պատերազմից հետո դուք խոստացաք ռազմական ուժ չմոտեցնել մեր սահմաններին, սակայն նորից ու նորից դրժում եք ձեր խոստումը: Մենք դրանից կշտացել ենք»:

Չնայած չանհանգստանալու մասին ԱՄՆ-ի բազում կոչերին, Ռուսաստանը կարող է շուտով միջուկային իր ուժերն ուղղել ընդդեմ իր անմիջական հարեւանների: Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատար, գեներալ Նիկոլայ Սոլովցովն ասում է, որ եթե Լեհաստանն ու Չեխիան համաձայնվեն մտնել ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանական համակարգի մեջ, Ռուսաստանի ռազմավարական ուժերն ունեն այդ թիրախներին հարվածելու կարողություն: Որոշ վերլուծաբաններ, ինչպես Ալեքսանդր Գոլցը, ասում են, թե պատճառն այն է, որ Կրեմլը դեռեւս զայրացած է, որ հինգ տարի առաջ ԱՄՆ-ը դուրս եկավ հակաբալիստիկ հրթիռային պայմանագրից.

«Դա միջուկային պատերազմի հնարավորության մասին չէր, այլ՝ կարգավիճակի: Երբ ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից, Ռուսաստանը ստացավ ԱՄՆ-ին հավասարազոր կարգավիճակ»:

Սակայն Արեւմուտքում շատերն են պնդում, թե Մոսկվան չի կարող դառնալ ԱՄՆ-ի համար հավասար գործակից, քանի դեռ բազմաբեւեռ աշխարհի կոչերով հանդես եկող Պուտինը փաստորեն ստեղծում է միաբեւեռ հասարակություն՝ վերացնելով քաղաքական ընդդիմությունն ու ազատ մամուլը: Մյուս կողմից Կրեմլի հակաամերիկյան դիրքորոշումը ստանում է ռուսների աջակցությունը։ «Կարծում եմ, ամերիկացիներն են լարում իրադրությունը, քանի որ նրանք ժողովրդավարության ու մյուս բոլոր հարցերում ցանկանում են իրենք լինեն հրամայողի դերում» ասում է Մոսկվացի մի քաղաքացի:

Այլոք կարծում են, որ երկու երկրների հարաբերություններում վերջերս առաջ եկած սառնությունը հուշում է, որ նրանք պիտի փորձեն իրենց հարաբերություններում գտնել ընդհանուր եզրեր:

XS
SM
MD
LG