Մատչելի հղումներ

Իշխանության փոխանցում Ռուսաստանում


Ռուսաստանի նախագահական ընտրություններին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: Եթե թեկնածուների նշանակման, քարոզարշավի եւ քվեարկության գործընթացները լինեն թափանցիկ եւ ազատ, Ռուսաստանն առաջին անգամ իշխանության նախադեպը չունեցող ժողովրդավարական անցման ականատես կդառնա: Սակայն քաղաքական որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նման բան չի պատահի, քանի որ, շրջանցելով սահանմադրությունը, նախագահ Պուտինն ուղիներ կգտնի իշխանության ղեկը բաց չթողնելու համար:

1999 թվականին իր հրաժարականից հետո Բորիս Ելցինը հույս հայտնեց, թե Ռուսաստանը կզարգանա որպես ժողովրդավարական երկիր: Պուտինը նունյպես այժմ դա է վստահեցնում.

«Այս ընտրությունները տալիս են արդար ընտրություն կատարելու հնարավորություն: Եւ ես հպարտ եմ դրանով»:

Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ ամենահավանական թեկնածուներն են փոխվարչապետեր Սերգեյ Իվանովը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Ոմանք կցանկային, որ պաշտոնում մնար Պուտինը, չնայած սահմանադրությունը չի տալիս երրորդ անգամ վերընտրվելու իրավունք: Դեյվիդ Սեթթըրը Հադսընի հաստատությունից ասում է.

«Պուտինի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու հանգամանքը զարմանալի չի լինի։ Եթե հիշում եք, սահմանադրական արգելքը չկարողացավ Պուտինին հետ պահել երկրի նահանգապետերին նշանակելու քայլից»:

Վերլուծաբանը մատնանշում է երկրի իշխանության ուղղահայաց կառուցվածքը: Սակայն որոշ փորձագետներ գտնում են, որ Պուտինը վարում է կառավարման հորիզոնական կառույցներ հիմնելու քաղաքականություն: Լիլիա Շեւցովան Կարնեգիի հաստատության Մոսկվայի բաժանմունքից ասում է.

«Նա ստեղծում է կառավարման հորիզոնական կառույցներ, որտեղ բոլոր հաստատությունները կհավասարակշռեն միմյանց: Սակայն ընտրություններից հետո այն կարող է ստանալ հակառակ ուղղություն՝ տանելով դեպի ավելի ինքնակալական վարչակարգի հաստատում»:

Անկախ մամուլի ու քաղաքական կուսակցությունների դեմ Ռուսաստանում իրականացվող ճնշամիջոցները շատերին են հուշում, որ ընտրությունները կարող են ենթարկվել պետության ազդեցությանը: ԱՄՆ-ի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնիեւ Բրժեժինսկին ասում է.

«Եթե Պուտինը չպայքարի վերընտրվելու համար, այդ փաստը նույնպես կդառնա առաջընթաց քայլ ժաղովրդավարության ճանապարհին»:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008 թվականի մարտի 9-ին: Իշխանության փաստացի փոխանցումը տեղի կունենա դրանից երկու ամիս անց:

XS
SM
MD
LG