Մատչելի հղումներ

Իրանը սահմանափակում է համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային էներգետիկայի գործակալության հետ


Սպիտակ տունը հուսախաբված է ՄԱԿ-ի միջուկային էներգետիկայի գործակալության հետ համագործակցությունը սահմանափակելու Իրանի որոշման համար:

Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես կոչ են անում ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշմանը։ Միաժամանակ, Իրանը շարունակում է ուրբաթ օրը կալանած բրիտանացի ծովայինների հարցաքննությունը: Սպիտակ տան խոսնակ Դեյնա Պերինոն ասում է, թե Իրանի կառավարությունը «աչք է փակում» ՄԱԿ-ի իր պարտավորությունների առջեւ.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկեց Իրանին խիստ ուղերձ հղելու առաջարկի օգտին, կոչ անելով չմեկուսացնել երկիրը, դադարեցնել միջուկային ծրագրերը ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք նաեւ կոչ ենք անում իրանցիներին կանգ առնել, ու մինչեւ անհնազանդության ճանապարհը անցնելը, լավ մտածել»:

Ուրանի հարստացման գործընթացը չդադարեցնելու մեղադրանքով Անվտանգության խորհուրդը շաբաթ օրը որոշեց Թեհրանի նկատմամբ ուժի մեջ դնել խիստ պատժամիջոցներ: Դրանից հետո Թեհրանը հայտարարեց, որ սահմանափակում է համագործակցությունը:

Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները երկուշաբթի օրը հորդորեցին Իրանին ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշմանը՝ միաժամանակ հայտարարելով, որ խնդիրը հարկ է լուծել խաղաղ եղանակով: Իսկ լարվածությունն Իրանի եւ Արեւմուտքի միջեւ խորանում է նաեւ բրիտանացի տասնհինգ ծովայիններին կալանալեու փաստով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում.

«Նրանք կասկած չպետք է ունենան, թե որքան լուրջ ենք մենք նայում այս խնդրին»:

Թեհրանը պնդում է, թե հարցաքննում է անձնակազմին, պարզելու համար, արդյոք նրանք Իրանի ծովային սահմանը չեն անցել դիտավորյալ կերպով: Լոնդոնը հավատացած է, որ նրանց կալանել են Իրաքի ծովային տարածքում: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթընը կարծում է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու նախօրեին տեղի ունեցած այս միջադեպը պատահականություն չէ: Նա ասում է.

«Պարզորոշ երեւում է, որ Թեհրանը ցանկանում է ավելի մեծ հակամարտության դեպքում այն օգտագործել որպես սակարկման միջոց»:

Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները մեղադրում են Իրանին միջուկային զենքեր արտադրելու փորձերի մեջ: Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ:

XS
SM
MD
LG