Մատչելի հղումներ

Ոչ ժողովրդավարական երկրների արտաքին օգնության ծրագրերը


Այն մտավախությունը կա, որ նոր զարգացող երկրներին ոչ ժողովրդավարական պետությունների կողմից օգնություն առաքելու փաստը կարող է վնասել այս երկրների զարգացմանն ուղղված Արեւմուտքի ջանքերը։

Բանն այն է, որ երբեմն տեղեկություններ չեն տրվում Չինաստանից, Վենեսուելայից եւ Իրանից առաքվող օգնության նպատակների ու պայմանների մասին, իսկ օգնությունը ստացող երկրներին շատ հազվադեպ է ներկայացվում պետական հաստատություններն ամրապնդելու, կաշառակերությունը վերացնելու եւ տնտեսական բարեփոխություններ անցկացնելու պահանջ։

Չինաստանն, օրինակ, ամեն տարի մի քանի միլիարդ դոլարի օժանդակություն է առաքում աֆրիկյան երկրներ։ Սակայն շատերն են կարծում, որ Պեկինի նպատակն այս երկրների զարգացումը չէ։ Հարվարդի համալսարանի տնետսագիտության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆն ասում է.

՛՛Նպատակը, բնական պաշարների պատճառով, լավ հարաբերություններ պահպանելն է: Նրանց շատ քիչ են հետաքրքրում այս երկրների զարգացման հեռանկարները՝՝:

Չնաստանից, Վենեսուելայից եւ ոչ ժողովրդավարական մյուս երկրներից առաքվող օգնությունն անվանում են «խարդախ օգնություն», քանի որ դրա պայմանը, ի հակադրություն ժողովրդավրական երկրների ու հաստատությունների, բարեփոխությունների անցկացումը չէ: Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության ղեկավար Ալան Գելբն ասում է.

«Օրինակ Համաշխարհային բանկը, որեւէ երկրի հատկացումներ կատարելիս, հաշվի է առնում նաեւ տվյալ երկրի կառավարման համակարգը»:

Փորձագետներն ասում են, թե Դարֆուրի հարցում Չինաստանն աջակցում է Սուդանի կառավարությանը՝ այս երկրից նավթի ներկրումների մակարդակը կայուն պահելու նպատակով: Իսկ Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեզն իր երկրի նավթի պաշարներներով օգնում է Նիկարագուային ու Բոլիվիային՝ փորձելով ստեղծել հակաամերիկյան դաշինք։ Բայց ժամանակին հակակոմունիստական դաշինք ստեղծելու համար Միացյալ Նահանգները նույնպես դիմել է նման քայլերի: Այսպես կոչված «խարդախ օգնություն»-ը ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության ղեկավար Ալան Գելբն ասում է.

՛Դրականն այն է, որ այդ օգնությունը լրացնում է այն բնագավառները, որոնցից հեռացել են ավանդական դոնորները: Բացասականը, այդ օգնության թափանցիկութան պակասն է՝՝:

Հստակ է, որ երկու կողմից օգնություն ստանալու դեպքում, նոր զարգացող երկրներում ժողովրդավարական բարեփոխություններ անցկացնելու արեւմուտքի նպատակը կիրականանա միայն այն դեպքում, երբ այդ երկրները նույնպես ունենան նման ցանկություն:




XS
SM
MD
LG