Մատչելի հղումներ

Հրթիռային պաշտպանության համակարգ Եվրոպայում


Միացյալ Նահանգների արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը հայտարարում է, թե Եվրոպայում հրթիռային պաշտպանության համակարգ կառուցելու ծրագիրը կարող է լինել ՛՛կայունացնող գործոն՝՝, պաշտպանվելու համար Իրանի կողմից հնարավոր հարձակումներից։ Այս ծրագիրը զայրույթ է առաջ բերել Ռուսաստանում եւ մտահոգություններ՝ Եվրոպայում։

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարն ասում է, թե Եվրոպայում հռթիռային պաշտպանության նոր համակարգի կառուցումը կապահովի պաշտպանությունը, օրինակ, Իրանի հրթիռային հնարավոր հարձակումներից.

՛՛Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ լի են փոքր միջուկային, ինչպես նաեւ հրթիռային սպառնալիքներն Իրանի նման երկրներից։ Նման աշխարհում սահմանափակ հրթիռային պաշտպանությունը կարող է դառնալ կայունացնող գործոն՝՝։

Ռայսը հրթիռային համակարգի շուրջ երկուշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպումներ ունեցավ Եվրոպական Միության արտգործնախարարների հետ։ Նա ասաց, թե Միացյալ Նահանգները մի քանի քննարկում է անցկացրել Ռուսաստանի հետ եւ մտադիր է հրթիռային որսիչներ տեղադրել Լեհաստանում եւ ռադարային հենակետ՝ Չեխիայի Հանրապետությունում.

՛՛Ռուսաստանի հետ քննարկումները շարունակում ենք։ Սակայն այն կարծիքը, թե սա ուղղված է Ռուսաստանի դեմ, պարզապես չունի փաստացի հիմքեր՝՝։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, այն կարող է սպառնալ իր երկրի անվտանգությանը։ Միացյալ նահանգների այս ծրագիրն անհանգստության ալիք է բարձրացրել նաեւ Եվրոպայում։ Ֆրանսիան կասկածում է դրա արդյունավետությանը, Գերմանիան՝ կարծում, որ այն կարող է առաջ բերել զենքի նոր մրցավազք։ Երկրի արտգործնախարար Ֆրանք Վալտեր Շտայնմայերը Ռայսի հետ հանդիպումից հետո ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի բանակցությունները Եվրոպայի հետ.

՛՛Որպես Եվրոպական Միության նախագահ, հասկանալիորեն շահագրգռված ենք Եվրոպայի դիրքերը տեսնել ներդաշնակության մեջ՝՝։

Շտայնմայերը չի ցանկացել շեշտել հրթիռային համակարգի հարցում Գերմանիայի ու Միացյալ Նահանգների միջեւ տարբերությունները, նշելով, թե հարկավոր է հարգել իրեն հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու Ամերիկայի պահանջը։

XS
SM
MD
LG