Մատչելի հղումներ

Իրաքի պատերազմի չորրորդ տարելիցը


Չորս տարի առաջ Միացյալ նահանգները սկսեց ուժգին հրետանակոծություն Իրաքում, ապա իրականացրեց ներխուժում։ Դրանից երկու ամիս անց, Աբրահամ Լինքոլն ռազմանավի վրա նախագահ Բուշը հայտարարեց.

՛՛Ռազմական խոշոր գործողություններն Իրաքում ավարտված են՝՝։

Առաջին օրերին ցուցդրվում էին պատկերներ, որտեղ իրաքցիները գրկաբաց ողջունում էին դաշնակից ուժերին, իսկ զինվորականները՝ իրենց հրասայլերի վրայից մատներով ցույց տալիս հաղթանակի նշանը։

Ամբոխն ուրախությունից բացականչում էր, երբ գետին էր տապալվում Սադամ Հուսեյնի արձանը։ Զինվորականների միակ մտահոգությունը սկսված թալանը դադարեցնելն էր, ջրի ու էեկտրականության սնուցման վերականգնումը։

Չորս տարի անց Սադամ Հուսեյնը պատժվել է, ինչն այսօր, երկիրը ցնցող ամենօրյա սպանությունների հենքի վրա, թվում է պարզունակ իրադարձություն։

Սադամի հայրենի Թիքրիթ քաղաքում մարդիկ ասում են, թե կյանքը Սադամի օրոք շատ ավելի լավ էր, քան ներկայումս։ ՛՛Այն ժամանակ ավելի լավ էին մեր պայմանները։ Կենսամակարդակն ավելի բարձր էր, տնտեսությունը՝ լավ վիճակում։ Իրաքի ժողովուրդը՝ սուննիներս ու շիաները բնակվում ու աշխատում էինք միասին՝՝, ասում է Իրաքի բնակիչներից մեկը։

Բաղդադից 13Օ կիլոմետր հյուսիս գտնվող Թիքրիթի բնակիչները հիմնականում սուննիներ են։ Սակայն նույն կարծիքն է հայտնում նաեւ Բաղդադի Սադր թաղամասի շիա մահմեդական այս բնակիչը.

՛՛Կարծում էինք, որ Իրաքի բնակչության վիճակը կբարելավվեր։ Սակայն փաստորեն իրադրությունը վատթարացավ։ Չկա անվտանգություն։ Սուննի ու շիա մահմեդականների միջեւ շարունակվում է կրոնական վրեժխնդրությունը։ Իմ տունը պայթեց, կորցրի որդուս՝՝։

Այս ընթացքում Իրաքում զոհվել են ավելի քան 3ՕՕՕ զինվորական եւ Իրաքի հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Բաղդադում եւ այլ քաղաքներում մահապարտների կողմից իրականացվող հարձակումները, առեւանգումներն ու սպանությունները դարձել են կրոնական այս երկու խմբերի միջեւ ամենօրյա սովորական գործողություններ։

Անբար գավառում մարտնչում են Միացյալ նահանգների եւ Իրաքի ուժերը եւ սուննի ապստամբ խմբերը։ Հաճախ բախումների մեջ են մտնում նաեւ քաղաքի բնակիչները։ Մայրաքաղաքում անվտանգության ուժեղ միջոցառումների ընթացքում եւս արյունահեղությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG