Մատչելի հղումներ

Համաշխարհային պայքար սովի դեմ


ԱՄՆ-ի Սենատի այն ենթահանձնաժողովը, որն ուսումնասիրում է օտար երկրներին որպես օժանդակություն սննդամթերք առաքելու գործում ԱՄՆ-ի դերը, այս շաբաթ անց էր կացնում լսումներ։ Ի՞նչ է հարկավոր անել աշխարհում մարդկանց առողջությանը վնասող թիվ մեկ սպառնալիքը՝ սովը վերացնելու համար։

Սննդի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսը հորդորում է ԱՄՆ-ին կենտրոնանալ սովը վերացնելու վրա։ Նրա խոսքերով, ամեն օր 25 հազար մարդ, այդ թվում 18 հազար երեխա է մահանում սովից ու թերսնումից։ 4ՕՕ միլիոն քաղցած երեխաներին փրկելու համար հարկավոր է անել ավելին, ասում է Մորիսը.

՛՛Իսլանդիան մտադիր է սնունդով ապահովել աֆրիկացի այնքան երեխաների, որքան երեխա կա Իսլանդիայում։ Նույն մտադրությունն ունեն Լյուքսեմբուրգն ու Կանադան՝՝։

Նման օգնությունն է փրկել Սոմալիից փախստական Աբաս Մուհամեդի կյանքը։ Նա այժմ ԱՄՆ-ի Փրինսթընի համալսարանի ուսանող է։ Նրա խոսքերով, հատկապես երիտասարդները, լավ սնվելու դեպքում կարող են մեծ ձեռքբերումներ ունենալ ու նպաստել իրենց երկրների զարգացմանը՝՝։

Մորիսն ընդունում է, որ օգնություն առաքող մեծաթիվ գործակալություններ հաճախ լավ չեն պատկերացնում իրադրությունը.

՛՛Երբ իմանում ենք, որ Հյուսիսային Կորեայի 7 տարեկան տղաների միջին հակասը 2Օ սանտիմետր ավելի կարճ է Հարավային Կորեայի իրենց հասակակիցներից, քաշը՝ 9 կիլոգրամ ավելի պակաս, ուրեմն այնտեղ կա մարդասիրական օգնության խիստ կարիք՝՝։

Սակայն աշխարհում սովի մատնված մարդկանց թվի աճի պատճառով օգնությունն այլեւս չունի նույն արդյունավետությունը։ Նախագահ Բուշն առաջարկել է եկող տարի սննդամթերքների առաքումների համար հատկացնել մեկ միլիարդ 2ՕՕ միլիոն դոլար։ Կոնգրեսը քննարկում է Սննդամթերք հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում եւս 35Օ միլիոն դոլար հատկացնելու հարցը։

XS
SM
MD
LG