Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների կացությունն աշխարհի երկրներում


ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե մարդու իրավունքների կացության շուրջ արտգործնախարարության ամենամյա զեկույցը հրապարակելով, ամերիկացիները ՚՚վերստին հանձնառություն են ստանձնում սատար կանգնելու իրենց ազատության եւ իրավունքների համար պայքարող մարդկանց՚՚:

՚՚Մենք հույս ունենք, որ այս զեկույցը տեղեկության աղբյուր կլինի աշխարհի երկրների կառավարությունների ու ժողովուրդների՝ ինչպես եւ ոգեշնչման աղբյուր կլինի աշխարհի երկրներում խաղաղ, ժողովրդավարական փոփոխությունների համար դեռեւս աշխատող բոլոր մարդկանց համար՚՚: Այս զեկույցներում քննարկվում է 2006 թվականի մարդու իրավունքների կացության խնդիրը աշխարհի 196 երկրներում:

Դրանցում նշվում է, որ այն երկրները, ուր իշխանությունը կենտրոնացած է իրենց ժողովուրդների առջեւ հաշվետվություն չունեցող կառավարողների ձեռքում, շարունակում են մնալ աշխարհում մարդու իրավունքներն ամենաշատը ոտնահարողները։ Այդ երկրների թվում են Հյուսիսային Կորեան, Իրանը, Բիրման, Զիմբաբվեն, Բելառուսը եւ Էրիտրեան:

Զեկույցում նաեւ վկայակոչվում է ցեղասպանությունը Սուդանի Դարֆուրի շրջանում, որի համար պատասխանատվությունը կրում են Սուդանի կառավարությունն ու նրա կողմից աջակցվող Ջանջավիդի աշխարհազորայինները: Կռիվների հետեւանքով զոհվել են այդ երկրի առնվազն 200 հազար քաղաքացիներ, եւ երկու միլիոն անձինք դարձել են անօթեւան:

Այս մասին ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է. ՚՚Շատ հաճախ, անցյալում ստացել ենք ցավոտ հիշեցումներ, որ մարդու իրավունքները չնայած ակներեւ լինելուն, իրենք իրենց չեն իրագործվում, եւ որ ազատ ապրելու մարդկության փափագը չնայած ամբողջ աշխարհում արժանի լինելուն, դեռեւս չի հարգվում աշխարհում:

Ազատությունն ու մարդու իրավունքները պահանջում են, որպեսզի երկրի հաստատությունները գործեն թափանցիկ կերպով եւ հաշվետու լինեն, քաղաքացիական հասարակությունը լինի կենսունակ, երկիրն ունենա անկախ դատական համակարգ եւ օրենսդրություն, լրատվական միջոցներն ազատ լինեն, իսկ անվտանգության ուժերը զորեղ՝ որպեսզի կարողանան հարկադրել օրենքի իշխանությունը՚՚:

Զեկույցում նշված է, որ օրինակ, Եգիպտոսն իր առաջին բազմակուսակցական նախագահական ընտրությունը կայացրել է 2005 թվականին, սակայն շարունակում է բանտում պահել նախագահական պաշտոնի նախկին թեկնածու Այման Նուրիին: Զեկույցներում ասվում է, որ թե՛ տարբեր երկրներում, եւ թե՛ երկրների միջեւ հակամարտությունները սպառնում են մարդու իրավունքների ասպարեզում կատարված առաջխաղացումներին:

Զեկույցում վկայակոչվում են դեպքեր Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում եւ Ինդոնեզիայում, ուր բռնարարքներն ու ահաբեկչությունը խոչընդոտել են ժողովրդավարական գործընթացը, կամ դրանց հետեւանքով անօթեւան են մնացել մեծ թվով անձինք: ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է.

՚՚Մենք մեզ հանձնառու ենք դարձնում կոչ անել աշխարհի բոլոր կառավարություններին հաշվետու լինել, որպեսզի իրենց քաղաքացիների արմատական իրավունքներին վերաբերվեն ավելի շուտ որպես այլընտրանքի՝ քան նախագահ Բուշի բնութագրմամբ, մարդու արժանապատվության անառարկելի պահանջների՚՚:

XS
SM
MD
LG