Մատչելի հղումներ

Փհենյանի հետ վեցակողմ բանակցությունները


Վաշինգտոնն ու Փհենյանն իրենց բանակցությունների առաջին փուլն այս շաբաթ ավարտեցին Նյու Յորքում, որի նպատակը դիվանագիտական կանոնավոր կապերի հաստատումն է երկու երկրների միջեւ։Սա Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ մի համաձայնության առաջին փուլն է քննարկումներ ունենալու, որով թերեւս վերջ կդրվի Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի կարողությանը։

Բանակցությունները նաեւ հնարավորություն են 1950 թվականից մինչեւ 1953 թվականը տեւած Կորեական պատերազմը պաշտոնապես ավարտելու խնդիրը քննարկելու եւ կանոնավոր, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու երկու նախկին թշնամի երկրների միջեւ։

Երկու երկրների միջեւ բանակցությունների հաջորդ փուլի նպատակը պարզելն է, թե Փհենյանն արդյո՞ք փակում է Յոնգբիոնգի իր միջուկային ռեակտորը, եւ ՄԱԳԱՏԷ-ի զինաքննիչներին թույլատրու՞մ է վերադառնալ տեղանք։ ԱՄՆ արտգործնախարարի օգնական Քրիստըֆր Հիլն ասել է, թե զգուշորեն սպասում է բանակցությունների արդյունքին.

՚՚Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը դեռեւս արտադրում է պլուտոնիում, այդ իսկ պատճառով, կարծում եմ, դեռեւս փոքր-ինչ վաղաժամ է հաջողության մասին խոսելը՚՚։ Հաջորդ շաբաթ Պեկինում ծրագրված են նոր վեցակողմ բանակցություններ Ճապոնիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։

Իսկ մինչ այդ, Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ կկայանան երկկողմ նոր բանակցություններ։ ԱՄՆ արտգործնախարարի օգնական Քրիստըֆր Հիլն ասաց, որ Փհենյանը ծանր գին վճարեց միջուկային իր նկրտումների համար.

՚՚Միջուկային զենքերը Հյուսիսային Կորեայի համար լավ փորձառություն չէին։ Կարծում եմ, Փհենյանը դրա հետեւանքով ավելի մեկուսացավ, ավելի աղքատացավ, քան երբեւէ՚՚։

Նյու Յորքում Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների առաջին փուլից հետո Հյուսիսային Կորեայի եւ Ճապոնիայի դիվանագետները հանդիպեցին Հանոյում, իրենց երկրների միջեւ նման նպատակների շուրջ քննարկելու համար։

Ճապոնացի դիվանագետներից մեկն ասաց, թե այդ բանակցությունները ձախողվեցին առավոտյան առաջին հանդիպումից հետո, քանի որ Փհենյանը զայրացել էր Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի քաղաքացիների առեւանգվելու շուրջ հարցերի պատճառով։

XS
SM
MD
LG