Մատչելի հղումներ

Իրաքցի գաղթականներ  Սիրիայում


Միավորված ազգերի կազմակերպության հաշվումներով, բռնարարքների հետեւանքով Իրաքի 26 միլիոն բնակչությունից երկու միլիոնը տեղահան է եղել երկրում, իսկ երկու միլիոն այլ անձինք փախել են օտար երկրներ՝ հիմնականում Հորդանան եւ Սիրիա։

Նրանք Դամասկոսում հարյուրներով հավաքվել էին ՄԱԿ-ի գաղթականական գրասենյակի առջեւ եւ նրանց զգացումը վախի, անհանգստության ու զայրույթի խառնուրդ էր։ Իրաքցի գաղթական կանանցից մեկն ասում էր.

՚՚Հոգեւորական Մոքթադա Ալ-Սադրի շիա մահմեդական գրոհայիններն իմ ընտանիքը դուրս քշեցին Բաղդադի մեր տնից։ Երկիրը կառավարում են շիաներն ու իրանցիները։ Մենք պետք է դուրս քշենք ամերիկացիներին։ Եւ պետք է ազատվենք Բաղդադի կառավարությունից, որը իրանցիների խամաճիկն է՚՚։

Իրաքցի մեկ ուրիշ կին, Զեյնաբ Ալ Մելահը մի քանի ամիս առաջ իր ընտանիքով Բաղդադից փախած գաղթականներից է, եւ Իրաքի կացության համար ամբողջովին մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ Նա ասում է, թե այս ամենը չէր պատահի, եթե ամերիկացիները չներխուժեին.

՚՚Մենք ցանկանում ենք, որպեսզի պարոն Բուշը պատասխան տա։ Քանի որ նա՛ էր ասում, թե ժողովրդավարություն, ազատություն կբերի Իրաքին։ Մենք չտեսանք ժողովրդավարություն, ազատություն, խաղաղություն Իրաքում. Մենք միայն տեսանք սպանություն եւ արյուն՚՚։

ՄԱԿ-ի հաշվումների համաձայն, ամեն ամիս 30-ից 40 հազար իրաքցիներ են գնում Սիրիա։ Այս պահին գաղթականական ճամբարներ կամ վրանային քաղաքներ չկան այստեղ։ Այս գաղթականներից շատերը կրթություն ստացած, հմուտ աշխատողներ են ու բավարար գումարով եկել են այստեղ տուն վարձելու, կամ գնելու համար։

Սակայն ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։ Իբրահիմ ալ Խալիլ կուսանոցը շաբաթը երեք օր կերակրում է 500 գաղթականների, որոնց 60 տոկոսն իրաքցիներ են։ Այստեղ եկող իրաքցի ընտանիքները քրիստոնյա են, եւ իրենց մահմեդական հայրենակիցների նման տներից փախել են իրենց կյանքը փրկելու համար։

Այս գաղթական իրաքցի կանայք չեն պատրաստվում Իրաք վերադառնալ առաջիկայում։ Նրանք ասում են, թե ապագա չկա այնտեղ։

XS
SM
MD
LG