Մատչելի հղումներ

Կացությունն Իրաքում


Իրաքում շարունակվող բռնարարքների հետեւանքով Միացյալ Նահանգների եւ Իրաքի զինուժերը Բաղդադում ու դրա արվարձաններում ձեռնամուխ են եղել անվտանգության հավելյալ միջոցների, սակայն ինչպես երեւում է, Իրաքի ապստամբները փոխում են դաշնակիցների զինուժի դեմ իրենց մարտավարությունը։

Միացյալ Նահանգների եւ Իրաքի զինուժերն ավելացրել են Բաղդադն անվտանգ պահելու եւ մայրաքաղաքի արվարձաններն ապստամբների հարձակումներից զերծ պահելու իրենց ջանքերը։

՚՚Կարգ ու կանոն՚՚ կոչվող առաքելության ընթացքում դաշինքի զինուժերը ստեղծել են ավտոմեքենաների հսկման անցակետեր, մինչ հետիոտն պարեկները խուզարկում են տները, որի նպատակը գրոհայիններին հայտնաբերելն ու նրանց զենքերը բռնագրավելն է։ Գեներալ-մայոր Ջիմ Սիմոնսն Իրաքում բանակի ռազմաօդային ուժերի գործողությունների ղեկավարն է։

Անվտանգության նոր ծրագրի համաձայն, ասում է նա, ուղղաթիռներն օդից պաշտպանելու են զինվորներին.

՚՚Մենք թռչում ենք թե՛ ցերեկը, եւ թե՛ գիշերը։ Մենք մեր գործունեությունը փոխում ենք թշնամու գործողությանը համապատասխան՚՚։

Սիմոնսը հաստատում է, որ Միացյալ Նահանգներն Իրաքում բռնագրավել է Ալ-Քայդայի փաստաթղթեր, որոնց համաձայն, այդ խումբը ստեղծել է դաշինքի օդանավերը թիրախի տակ վերցնելու ուղեցույց։ Ապստամբների խմբերից մեկն այս վիդեոն հրապարակել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ կործանվեց ամերիկյան ռազմածովային ուժերի մի ուղղաթիռ։

Վաշինգտոնում կոնգրեսը պատրաստվում է քննարկել Իրաքում եւ Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմական ջանքերին մոտավորապես 100 միլիարդ դոլար գումար հատկացնելու նախագահ Բուշի առաջարկի շուրջ։

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները ցանկանում են ֆինանսավորել պարոն Բուշի խնդրանքը, պայմանով, որ վարչակազմը խստորեն կպահպանի զինվորներին հանդերձավորելու եւ մարզելու չափանիշները։

Նախագահ Բուշը մոտավորապես 22 հազար հավելյալ զինվոր է ուղարկում Իրաք, այդ երկրում ամերիկյան զինուժն ընդլայնելով տասնհինգ տոկոսով։ Մոտավորապես չորս տարի առաջ Իրաք ներխուժելուց ի վեր, զոհվել է 3000-ից ավելի ամերիկացի զինծառայող։

XS
SM
MD
LG