Մատչելի հղումներ

Նախագահ Բուշն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրի մասին


Նախագահ Բուշն ասում է, թե Աֆղանստանում նոր հարձակում է ձեռնարկվելու Թալեբանի դեմ, եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել արագացնել այդ երկրի առնչությամբ իրենց ստանձնած հանձնառությունը։

Նախագահ Բուշը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորում է արագացնել իրենց հանձնառությունն Աֆղանստանում մինչ ձմեռն ավարտվում է, եւ ակնկալվում է, որ Թալեբանի մարտիկները նախապատրաստում են նոր հարձակում։

՚՚Ձյունը հալվելու է Հինդուկուշ լեռնաշղթայում եւ կարող ենք ակնկալել, որ կատաղի մարտերը կշարունակվեն։ Թալեբանն ու Ալ-Քայդան պատրաստվում են սկսելու նոր հարձակում։ Մեր ռազմավարությունը ոչ թե պաշտպանվելն է, այլ՝ հարձակվելը՚՚։

Անցյալ հինգշաբթի պարոն Բուշը խոստացավ երկարաձգել երեք հազար ամերիկացի զինվորների ծառայության ժամկետն Աֆղանստանում։ Սակայն նա շեշտեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնպես պետք է հավելյալ զորամիավորումներ ուղարկեն Աֆղանստան.

՚՚ՆԱՏՕ-ն ստեղծվել է այս սկզբունքի հիման վրա. դաշինքի անդամներից մեկի դեմ հարձակումը՝ հարձակում է դաշինքի անդամ բոլորի երկրների դեմ։ Սկզբունքը նույնն է, թե՛ հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հողում, եւ թե՛ առաքելությամբ օտար երկրում տեղաբաշխված դաշինքի զինուժերի դեմ կատարվելու դեպքերում՚՚։

Անցյալ հինգշաբթի կայացած կոնգրեսական ունկնդրություններից մեկի ժամանակ մի քանի կոնգրեսականներ մտահոգություն հայտնեցին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված ավելի շատ բան անելու հորդորները բավարար չեն լինի Աֆղանստանի ապագան ապահովելու համար։ Անտոնի Քորդեսմանն անվտանգության հարցերով փորձագետ է Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում.

՚՚Մենք կարող ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել, նրանց վրա ճնշում գործադրել, եւ դա ինչ-որ արդյունք կտա։ Սակայն բավարար օգնություն չենք ստանա խնդիրը լուծելու համար։ Դաշնակիցների օգնությանը սպասելը խնդիրը լուծելու միջոցը չէ՚՚։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց հանձնառությունն ավելացնելուց անկախ, պարոն Բուշն ասում է, թե երկրի կոնգրեսից խնդրում է մոտավորապես 12 միլիարդ դոլար գումար, Աֆղանստանում առաջիկա երկու տարում ռազմական եւ վերակառուցման հավելյալ գործողութունների համար։

XS
SM
MD
LG