Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների կացությունը Չինաստանում


Մարդու իրավունքների ոտնահարման տագնապեցուցիչ միտումը 2006 թվականին շարունակվեց Չինաստանում: Միաժամանակ, նույն տարում ավելացան իրավաբանների, իրավական հարցերով գիտնականների, մարդու իրավապաշտպան գործիչների եւ լրագրողների թույլ կազմակերպված փոքր խմբերի հարաճունորեն հրապարակայնացված եւ հմուտ ջանքերը, ում նպատակը իրավական ճանապարհով սոցիալական արդարություն եւ սահմանադրական իրավունքներ հետամտելն է:

Այս անհատները ջանում են աշխատել Չինաստանի իրավական համակարգի հետ, իրենց համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելու նպատակով, որոնցից շատերը պաշտոնյաների կոռուպցիայի հետեւանքով տուժած անձինք են:՚՚Իրավունքները պաշտպանելու՚՚ այս շարժմանը Չինաստանի կառավարության արձագանքը հիասթափեցուցիչ է:

Մարդու իրավունքների գործիչներ, ինտերնետի գրողներ, լրագրողներ եւ գիտնականներ շարունակում են ենթարկվել ձերբակալությունների, տնային ու բանտային կալանքի, դատապարտվում են որպես քրեական հանցագործներ, որոնց հիմքը հաճախ կասկածելի է:

Ընտանիքի անդամների դեմ հալածանքի, աշխատանքից զրկելու եւ ճնշամիջոցների սպառնալիքի նպատակն ահաբեկելն է այն բազմաթիվ անձանց, ովքեր հակառակ դեպքում կփորձեին արտահայտել իրենց դժգոհությունը, կամ կաշխատեին պաշտպանել իրենց համաքաղաքացիների իրավունքները:

Լավագույնս հայտնի դեպքերից մեկը Չեն Գուանգչենգի գործն է, մի կույր, իրավաբան գործիչ, ով փաստագրել է երեխաների ծնունդը սահմանափակելու Չինաստանի քաղաքականության հետեւանքով կատարվող ոտնահարումները: Նա 2006 թվականի օգոստոսին դատապարտվեց գրեթե չորս տարվա բանտային ազատազրկման, երթեւեկությունը խափանելու եւ հասարակական ունեցվածքը փչացնելու կասկածելի մեղադրանքներով:

Գանգատարկման դատարաններից մեկը կարգադրել է վերանայել նրա դատական գործը, սակայն պարոն Չենի սկզբնական դատավճիռը պարզապես վերահաստատվեց նրան դատապարտած նույն դատարանի կողմից: Պարոն Չենի դատավարության, դատական գործի վերանայման եւ բողոքարկման գործընթացներն աղավաղվեցին լուրջ խախտումներով, որոնց թվում էին պարոն Չենի կնոջ դեմ ֆիզիկական հարձակումներն ու հարկադրական միջոցներով պարոն Չենից կորզված խոստովանության օգտագործումը:

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել թե՛ պարոն Չենի, եւ թե՛ այլ անձանց գործի առնչությամբ, ովքեր թիրախի տակ են վերցվել իրենց եւ այլ անձանց իրավունքները պաշտպանելու խաղաղ գործունեության համար: Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Թոմ Քեյսին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Չինաստանի կառավարությանը հորդորում է, ինչպես վարվում է նաեւ այլ երկրների առնչությամբ, ՚՚հարգել իրենց համաքաղաքացիների իրավունքները խաղաղորեն պաշտպանելու իրենց քաղաքացիների իրավունքը:

Պարոն Քեյսին ասել է, թե ՚՚ոչ մեկը չպետք է տուժի պարզապես իր տեսակետն արտահայտելու, կառավարության քաղաքականությունների առնչությամբ իր մտահոգությունը հայտնելու եւ գանգատները լուծելու իր դիրքորոշումը պաշտպանելու համար՚՚:

XS
SM
MD
LG