Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագիրը


Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել իր միջուկային գլխավոր ռեակտորի աշխատանքը եւ վերջիվերջո վերացնել ատոմային զենքերի իր ծրագիրը։ Դրա դիմաց Փհենյանն Արեւմտյան երկրներից կստանա վառելանյութ եւ այլ կարգի օգնություն։

Գործարքով պահանջվում է, որպեսզի Հյուսիսային Կորեան իր միջուկային համալիրը, այդ թվում Յոնգբիոնի միջուկային ռեակտորը փակի 60 օրում։ Համալիրը բաց կլինի միջազգային զինահսկիչների առջեւ։

Դրա փոխարեն, Փհենյանը կստանա մոտավորապես մեկ միլիոն տոննա վառելանյութ, երբ մշտական կերպով վերացնի իր միջուկային ծրագիրը։ Բանակցություններում Միացյալ Նահանգների պատվիրակ Քրիստըֆր Հիլը պահպանողական էր իր գնահատման մեջ.

՚՚Ակներեւաբար դեռեւս շատ բան ունենք անելու, սակայն կարծում եմ, որ սա դեպի առաջ կատարված չափազանց լուրջ քայլ էր՚՚։

Բանակցություններում ձեռք բերված համաձայնությամբ, Փհենյանը անմիջապես չի հրաժարվի միջուկային իր ծրագրից։ ԱՄՆ արտգործանախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե Հյուսիսային Կորեան ընդամենը ստորագրել է երկրորդ քայլին հանձնառու լինելու մասին հայտարարություն.

՚՚Հյուսիսային Կորեան պետք է հայտարարի, հրաժարվի միջուկային իր բոլոր ծրագրերից եւ վերջ դնի դրանց՚՚։

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը չափազանց քննադատորեն է մոտենում կնքված գործարքին։ Նա ասել է, թե այն ազդանշան է հղում միջուկային զենքը տարածող երկրներին, որ կպարգեւատրվեն։ Ճապոնիայի պատվիրակ Կենիչիրո Սասեյը Պեկինում թերահավատությամբ ակնարկել է Փհենյանի մտադրությունների մասին.

՚՚Բանակցությունների բոլոր վեց մասնակիցները պետք է անկեղծորեն իրագործեն համաձայնագրում հայտարարվածը, հակառակ դեպքում այն կկորցնի իր նշանակությունը՚՚։

Բանակցություններին մասնակցած վեց երկրների պատվիրակները վերստին կհավաքվեն հաջորդ ամիս, մինչ դիվանագետները գնահատում են, թե Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Իլ Ջոնգի կառավարությունն արդյո՞ք լուրջ է իր հանձնառության առնչությամբ։

XS
SM
MD
LG