Մատչելի հղումներ

Թռչնագրիպ՝ Բրիտանիայի ֆերմաներից մեկում


Եւրահանձնաժողովը հաստաստել է, որ Բրիտանիայի հարավ-արեւելյան մասում հնդկահավերի ֆերմաներից մեկում սկսված թռչնագրիպը հիվանդության ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մահացու տարատեսակն է։

Եւրամիության առողջապահության ղեկավար Մարկոս Կիպրիանուն կազմակերպության անդամ երկրների կենդանիների առողջապահության բնագավառի իշխանություններին երեկ կոչ է արել զգոն մնալ թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մահացու տարատեսակի տարածումը կանխելու համար, եւ նախազգուշացրել է, որ առաջիկա ամիսներին թերեւս կլինեն հիվանդության նոր դեպքեր.

՚՚Մանրէն դեռեւս մեր մերձակայքում է՚՚, թղթակիցներին ասել է պարոն Կիպրիանուն, ՚՚բայց մենք ունենք դրանից պաշտպանվելու համակարգ ու պետք է զգոն եւ պատրաստ լինենք գործելու համար՚՚։

Պարոն Կիպրիանուն երեկ ավելի ուշ հանդիպել է առողջապահության բնագավառի փորձագետների հետ, որպեսզի որոշի, թե Բրիտանիայում թռչնագրիպի բռնկումը զսպելու համար արդյո՞ք անհրաժեշտ է գործողության դիմել Եւրամիության անդամ բոլոր երկրներում։

Միաժամանակ, Բրիտանիայի կենդանիների առջողջապահության հարցերով պաշտոնատարները երեկ փորձում էին պարզել, թե երկրի հնդկահավերի ֆերմաներից մեկում ինչպե՞ս է ի հայտ եկել ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէն։

Թռչնագրիպի նման բռնկում հաստատվել է Հունգարիայում անցյալ ամիս, որը հիվանդության այդ տեսակի առաջին հայտնի դեպքն է Եւրամիությունում, 2006 թվականի օգոստոսից ի վեր։ Անասնաբուժության բնագավառի փորձագետներ այսօր հանդիպել են, Բրիտանիայում թռչնագրիպի նոր բռնկումից հետո կենդանիների ապահովության խնդրում Եւրամիության կողմից ձեռք առնված միջոցները գնահատելու համար։

Եւրահանձնաժողովն անցյալ շաբաթ օրը հայտնել է, թե Եւրամիության փորձակայաններից մեկը հաստատել է, որ Բրիտանիայի թռչնաբուծական ֆերմաներից մեկում մոտավորապես 2500 հնդկահավեր մահացել են թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ տարատեսակից։

Եւրահանձնաժողովը հայտնել է, թե թռչնագրիպի համաճարակը սկսվել է Լոնդոնից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Բրիտանիայի Սաֆոլքի վարչաշրջանի Լովսթոֆթի շրջանի հնդկահավերի ֆերմայում, ուր պահվում է 159 հազար թռչուն։

Բրիտանիայի պաշտոնատարներն անցյալ կիրակի հայտարարել են ֆերմայի մոտով մարդկանց եւ տրանսպորտի անցնելն արգելելու մասին։

XS
SM
MD
LG