Մատչելի հղումներ

Քիսինջերն ու Օլբրայթն Իրաքում Վաշինգտոնի քաղաքականության մասին


Միացյալ Նահանգների երբեմնի արտգործնախարար Հենրի Քիսինջերի կարծիքով, ԱՄՆ կոնգրեսը չպետք է բանավիճի ամերիկյան զինուժն Իրաքից ամբողջովին դուրս բերելու հարցի շուրջ եւ պետք է հաշվի առնի այդ երկրում Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակները։

Միացյալ Նահանգների երբեմնի արտգործնախարար Հենրի Քիսինջերն ասել է, թե գլխավոր հարցն այժմ այն է, թե ո՞րն է լինելու Միացյալ Նահանգների երկարաժամկետ դերն Իրաքում.

՚՚Ես խորապես համոզված եմ, որ չենք կարող հեռանալ տարածաշրջանից ու նաեւ չենք կարող բանավեճ սկսել ամերիկյան զինուժը տարածաշրջանից ամբողջովին դուրս բերելու ակնկալիքով՚՚։

Հենրի Քիսինջերը, ով ծառայել է հանգուցյալ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի կառավարման տարիներին, սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ասել է, թե Իրաքը կայունացնելու իր ջանքերում Միացյալ Նահանգները պետք է շեշտը դնի դիվանագիտության վրա։

Նա կոչ է արել Իրաքի շուրջ կայացնել միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցեն Իրանն ու Սիրիան, սակայն նախազգուշացրել է Իրանի միջուկային նկրտումների առնչությամբ.

՚՚Եթե ստեղծվի մի կացություն, երբ Իրանն ունենա միջուկային զենքեր եւ Թեհրանի դիմաց հառնի քաղաքական վակուում Իրաքում, ապա դա թերեւս աղետալի ելք կլինի այդ տարածաշրջանի խաղաղության համար՚՚։

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթընի կողմից նշանակված երկրի առաջին կին արտգործնախարարը, Մադելին Օլբրայթն ասել է, թե Իրաքի հակամարտությունը շարունակվելու դեպքում կարող է պատկերացնել մի քանի անհանգստացնող իրավիճակ.

՚՚Պատկերացնում եմ երեք մղձավանջ։ Առաջին, որ Իրաքը կծառայի որպես մարզման եւ մարտիկների հավաքագրման վայր Ալ-Քայդայի համար։ Երկրորդ, մի Իրաք՝ որը կաջակցի Իրանին, եւ երրորդ՝ հակամարտությունից չափազանց բզկտված մի Իրաք՝ որը կբորբոքի պատերազմ ամբողջ տարածաշրջանում՚՚։

Մադելին Օլբրայթը սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ասել է, թե լավ այլընտրանքներ չկան Իրաքի ճգնաժամը լուծելու խնդրում։ Նա ավելացրել է, որ թերեւս անհրաժեշտ են Վաշինգտոնի դիվանագիտական հավելյալ ջանքեր եւ Միացյալ Նահանգների դաշնակիցների հավելյալ օգնություն։

XS
SM
MD
LG