Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն մոտավորապես 50 տարի շարունակ եղել է Լատինական Ամերիկայի ձախ կողմնորոշում ունեցող ամենահայտնի հեղափոխականը։ Բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Կաստրոյից հետո հեղափոխության ջահը կկրի Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը։
2006 թվականին մինչեւ հասարակության տեսադաշտից անհետանալը, Ֆիդել Կաստրոն ամեն առիթով քննադատել է Միացյալ Նահանգներին։ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը վարվում է նույն կերպ.
՚՚Ամերիկյան կայսրության գերիշխանության հավակնությունները վտանգում են հենց մարդկության գոյատեւումը՚՚։
Հուգո Չավեսը Ֆիդել Կաստրոյին համարում էր իր ուսուցիչ եւ բարեկամ։ ՚՚Միջ-ամերիկյան երկխոսություն՚՚ կազմակերպության վերլուծաբան Մայքլ Շիֆթերի կարծիքով, պարոն Չավեսն արդե՛ն իսկ նմանակում է Կուբայի ղեկավարի կառավարման ոճը.
՚՚Պարոն Չավեսը մեծ փափագ ունի իր ձեռքում կենտրոնացնելու իշխանությունը, Վենեսուելան կառավարելիս կատարելու բոլոր որոշումները, ինչպես Կուբան կառավարելիս վարվում էր Ֆիդել Կաստրոն՚՚։
1960 եւ 70-ական թվականներին Ֆիդել Կաստրոն փորձեց կոմունիզմի գաղափարախոսությունը տարածել Լատինական Ամերիկայում։ Կուբայի հարցերով վերլուծաբան Վեյն Սմիթի կարծիքով, թվում է, թե միջազգային համայնքին հետ բարեկամական կապեր հաստատելու Չավեսի փորձերը նվազ ընդդիմության են հանդիպում, քան Ֆիդել Կաստրոյի դեպքում էր.
՚՚Կաստրոն, գործնական բոլոր նպատակների դեպքում, հիմնականում միայնակ էր։ Այժմ, Հուգո Չավեսն ամեն կարգի դեպի ձախ կողմնորոշում ունեցող բարեկամներ ունի Լատինական Ամերիկայում, սերտ հարաբերություններ հաստատելու համար՚՚։
Չավեսի բարեկամների թվում են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան եւ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։
Վերլուծաբան Վասկեսն ասում է, թե մի ժամանակաշրջանում, երբ վառելանյութերի սպառումն աշխարհում ավելանում է, Վենեսուելայի նավթի վիթխարի պաշարներն այդ երկիրը միջազգային ասպարեզում ինքստինքյան դարձնում են կարեւոր մի ձեւով, որը Կուբան երբեք չի եղել Կաստրոյի կառավարման տարիներին։