Մատչելի հղումներ

Իրաքի շուրջ երկրի ժողովրդին ուղղված նախագահ Բուշի ելույթը


Երկրի կացության շուրջ կոնգրեսի զույգ պալատներին ու ժողովրդին ուղղված իր ամենամյա ելույթում նախագահ Ջորջ Բուշն ասաց, որ Միացյալ Նահանգներն Իրաքում կտեղակայի ամերիկյան քսան հազարից ավելի հավելյալ զինվորների եւ ռազմածովային ուժերի հետեւակայինների, որպեսզի Իրաքի կառավարությանն օգնի հատվածախմբերի միջեւ բռնարարքներին վերջ դնելու, եւ ահաբեկիչների դեմ կռվելու խնդրում:

՚՚Հավելյալ զինուժի մեծամասնությունը կգնա Բաղդադ, ուր նրանք Իրաքի զինուժին կօգնեն մաքրել եւ անվտանգ դարձնել թաղամասերը, եւ Իրաքի բանակի զորամասերում կծառայեն որպես խորհրդականներ: Իրաքցիների առաջնորդությամբ մեր զինվորները կօգնեն քաղաքն անվտանգ դարձնել ահաբեկիչներին, ապստամբներին եւ այնտեղ շրջող մահվան ջոկատներին հետապնդելով:

Իսկ Անբարի գավառում, ուր հավաքվել են Ալ Քայդայի ահաբեկիչները ու տեղի զինուժերը սկսել են ցուցաբերել նրանց դեմ կռվելու ցանկություն, մենք այնտեղ ենք ուղարկում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի չորս հազար հավելյալ հետեւակայինների, ում կարգադրել ենք գտնել ահաբեկիչներին եւ ոչնչացնել նրանց:Մենք Ալ Քայդայի անդամներին դուրս չենք քշել Աֆղանստանում իրենց ապահով ապաստարաններից, որպեսզի նրանց թույլ տանք ապահով նոր ապաստարաններ ստեղծել ազատ Իրաքում՚՚:

Իրաքի ղեկավարներ, ասել է նախագահ Բուշը, հանձնառություն են ստանձնել հասնել հաշտության, նավթից ստացվող եկամուտը հավասարապես բաշխել բոլոր քաղաքացիների միջեւ, երկրի հարստությունը ներդնել վերակառուցման ջանքում՝ հավելյալ իրաքցիների հնարավորություն ընձեռելով վերստին մտնել քաղաքակիրթ կյանք, եւ կայացնել տեղական ընտրություններ:

Սակայն այս նպատակները, ասել է պարոն Բուշը, չեն կարող իրագործվել առանց անվտանգություն հաստատելու.

՚՚Իրաքի ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղության մեջ եւ այժմ ժամանակն է, որպեսզի նրանց կառավարությունը գործի: Իրաքի ղեկավարները գիտեն, որ մեր հանձնառությունը չի կարող շարունակվել անվերջ: Նրանք խոստացել են տեղաբաշխել իրաքյան հավելյալ զինուժեր Բաղդադն անվտանգ դարձնելու համար, եւ պետք է իրագործեն դա:

Նրանք խոստացել են, որ կպայքարեն բռնարարքներ գործող որեւէ հատվածախմբի, կամ քաղաքական կուսակցության ծայրահեղականների դեմ, ու նրանք պետք է իրականացնեն դա եւ վերացնեն Իրաքի եւ դաշնադրային զինուժերին հարկադրած անօգուտ սահմանափակումները, որպեսզի այս զինուժերը կարողանան իրագործել Բաղդադի ամբողջ ժողովրդի համար անվտանգություն ապահովելու իրենց առաքելությունը:

՚՚Եթե ամերիկյան զինուժերը նահանջեն մինչեւ Բաղդադն անվտանգ դարձնելը, ապա Իրաքի կառավարությունը պարտության կմատնվի բոլոր կողմերից հարձակվող ծայրահեղականների կողմից՚՚, ասել է պարոն Բուշը։ "Բռնարարքների ալիքը կարող է տարածվել Իրաքի ամբողջ տարածքում", ասել է պարոն Բուշը, "որից կհառնի քաջալերված թշնամի՝ նոր ապահով ապաստարաններով, նոր նորակոչիկներով, նոր միջոցներով եւ Միացյալ Նահանգները վնասելու նույնիսկ ավելի մեծ վճռականությամբ՚՚։ "Այդ իսկ պատճառով", ասել է նախագահ Բուշը, "ոչինչ ավելի կարեւոր չէ, քան Միացյալ Նահանգների հաջողության հասնելն Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում՚՚:

XS
SM
MD
LG