Մատչելի հղումներ

Իրաքի վերակառուցումը...


Միացյալ Նահանգների պետական վերստուգողները կոնգրեսին հայտնել են, թե Իրաքի վերակառուցման ժամանակ կատարվում են ֆինանսական համատարած վատնումներ ու խարդախություններ եւ կանխագուշակել են, որ թերեւս կբացահայտեն միլիարդավոր գումարի վատնումների փաստեր։

2003 թվականի եւ 2005 թվականի միջեւ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներն Իրաքի վերակառուցման գործում ներդրել է մոտավորապես 22 միլիարդ դոլար։ Սակայն Իրաքից դուրս հրապարակվող բազմաթիվ տեղեկագրությունների համաձայն, Վաշինգտոնը գրեթե ոչինչ չունի ներակայացնելու Իրաքում իր ներդրումների մասին։

Այդ իսկ պատճառով, ներկայումս Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը վերահսկող դեմոկրատները պետական վերստուգիչ գործակալությունների ղեկավարներին եւ հաշվապահական վերստուգիչներին հրավիրել են բացատրել դա։ Այք Սքելթոնը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահն է.

՚՚Իրաքի վերակառուցումը կատարյալ ձախողում չէ, սակայն այն որեւէ կերպ նաեւ հաջողություն չէ՚՚։

Ֆինանսական վատնումների եւ զեղծարարությունների մասին տարիներ շարունակվող տեղեկագրություններից հետո Պենտագոնն այժմ ստուգում է իր խոշորագույն կապալառուների կատարած աշխատանքը։ Պենտագոնի հատուկ գլխավոր վերաստուգիչ Սթյուարթ Բովենի կարծիքով ֆինանսական կորուստները կարող են կազմել ընդհանուր գումարի տասից-տասնհինգ տոկոսը։

Իրաքի կառավարությունը հավելյալ 14 միլիարդ դոլար է տրամադրել երկրի վերակառուցման համար։ Կոնգրեսի հանձնաժողովի անդամները պարոն Բովենին հարց են տվել, թե այդ գումարի որ մասն է ծախսվել խելամտորեն.

՚՚Հաշվի առնելով, որ վերջին երեք տարում Իրաքն ունեցել է երեք կառավարություն եւ այդ երկիրը ոչ մի պատասխանատվություն չի ցուցաբերել գումարները ծախսելու խնդրում, ճշգրիտ թիվ չունենք, թե այդ գումարից որքան է ծախսվել 2004 թվականից ի վեր՚՚։

Նախագահ Ջորջ Բուշը կոնգրեսին խնդրում է հավելյալ հատկացնել մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դոլար գումար՝ Իրաքում վերակառուցումների եւ աշխատատեղերի համար։

Սակայն անորոշության նման պայմաններում, կոնգրեսի հանձնաժողովի նախագահ Այք Սքելթոնը ցանկանում է, որպեսզի ամերիկացի հաշվապահական փաստաթղթեր ստուգողները երկու ամսից ներկայացնեն տվյալներ, թե Իրաքի վերակառուցման գործում, վերջիվերջո, որքա՞ն գումար է վատնվել։

XS
SM
MD
LG