Բելառուսին անմշակ նավթի մատակարարումը երեք օրով դադարեցնելուց հետո Ռուսաստանը վերսկել է այդ երկրի տարածքով Արեւելյան Եւրոպային նավթի մատակարարումը։ Սակայն փորձագետներն այն կարծիքին են, որ Մոսկվայի կողմից Բելառուսին նավթի մատակարարումը մի քանի օրով դադարեցվելն ունի թե՛ ֆինանսական, եւ թե՛ քաղաքական պատճառ։
Մինսկի եւ Մոսկվայի միջեւ բանավեճը ծագեց, երբ Ռուսաստանը Բելառուսին հարկադրեց նոր պայմանագիր կնքել վառելանյութի մատակարարման շուրջ, որով նախատեսվում էր Ռուսաստանից Բելառուսին առաքվող բնական գազի գինը բարձրացնել կրկնակի անգամ։
Մոսկվան եւ Մինսկը 1999 թվականին ստորագրել են իրենց երկրների դրամական, տնտեսական եւ իրավական համակարգերը միավորելու մասին պայմանագիր, սակայն Ռուսաստանի եւ Բելառուսի միավորման պայմանագրի տարեդարձն անցյալ տարվա դեկտեմբերի տասնհինգին եկավ եւ անցավ գրեթե աննկատ։
Քաղաքական փորձագետները, որոնց թվում է Հերիթիջ հաստատության Մոսկվայի մասնաճյուղի ղեկավար Եւգենի Վոլկն այն կարծիքին են, որ վառելանյութի շուրջ բանավեճի գլխավոր պատճառներից մեկը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքերը թուլացնելու Կրեմլի փափագն է.
՚՚Կարծում եմ, Կրեմլում ըմբռնել են, որ Լուկաշենկոն ընդունելի չէ թե՛ քաղաքականապես, եւ թե՛ տնտեսապես, եւ որ միացյալ պետություն ստեղծելու հարցն այլեւս գոյություն չունի։ Այժմ, Կրեմլի գլխավոր նպատակը տնտեսական միջոցներով Լուկաշենկոյին քաղաքականապես խեղդելն է՚՚։
Կրեմլի հետ կապեր ունեցող քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովն ասում է, թե Մոսկվան դեռեւս հետաքրքրված է երկու երկրների հետագա սերտաճմամբ.
՚՚Կամ Կրեմլը փորձում է Լուկաշենկոյին մղել միացյալ պետություն ստեղծելու, քանի որ երկու երկրների ժողովուրդները ցանկանում են դա, կամ էլ, եթե նա պատրաստ չէ դրան, իր մուրհակները պետք է վճարի ամբողջությամբ՚՚։
Կրեմլի պաշտոնատարներ պնդում են, որ երկու երկրների միջեւ սերտաճումը փակուղի մտնելու խնդրում պետք է մեղադրել Բելառուսի նախագահին։ Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես ասել է, թե չի հրաժարվի իր երկրի անկախությունից։ Բացի այդ, Լուկաշենկոյին հաճախ անվանում են ՚՚Եւրոպայում վերջին բռնապետ՚՚ ու Եւգենի Վոլկի կարծիքով, նրա համբավը մռայլ ստվեր է գցում Ռուսաստանի վրա։
Ռուսաստանը փաստորեն միակ երկիրն է, որ Բելառուսի հետ դեռեւս ունի տնտեսական եւ քաղաքական ամուր կապեր։ Դա նշանակում է, որ Բելառուսի նախագահը հարկադրված կլինի խաղալ Կրեմլի հաստատած կանոններով։