Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների տնտեսությունը 2007 թվականին


Միացյալ Նահանգների առեւտրի նախարար Կառլոս Գուտիերեսը հայտնել է, որ չնայած երկրի տնտեսության առջեւ ծառացած լուրջ դժվարություններին, որոնց թվում է անշարժ գույքի շուկայում գների շեշտակի անկումը, երկրի տնտեսությունը հզոր ու ճկուն է։

Կառլոս Գուտիերեսն ասել է, թե Կատրինա ծովամրրիկից սկսած մինչեւ անշարժ գույքի շուկայում վեջերս տեղի ունեցած գների անկումը Միացյալ Նահանգների տնտեսությունը դիմացել է այդ ցնցումներին, որոնք կտապալեին այլ երկրների տնտեսությունները։

Վերջերս մայրաքաղաք Վաշինգտոնում ելույթ ունենալով գործարարների համայնքի առջեւ, պարոն Գուտիերեսը երկրի ձեռներեցներին ողջունել է որպես տնտեսության իրական հերոսների.

՚՚Մեր տնտեսության հզորության պատճառն ԱՄՆ բիզնեսների հզորությունն է։ Երկրի արժեղթղերի շուկան արձանագրել է մրցանիշային հաջողություններ։ 2006 թվականի երրորդ եռամսյակում խոշոր ընկերությունների շահույթը ամենաբարձրն է վերջին 40 տարում։ Միջին եւ փոքր չափի ընկերությունները նույնպես իրենց ներդրումն ունեն տնտեսության մեջ՚՚։

Պարոն Գուտիերեսն ասել է, թե ԱՄՆ-ում աշխատատեղերի մոտավորապես 50 տոկոսն ապահովում են միջին եւ փոքր չափի ընկերությունները։ Նա ավելացրել է, որ 2003 թվականի օգոստոսից ի վեր երկրում ստեղծվել է մոտավորապես յոթ միլիոն նոր աշխատատեղ։ Սակայն, ծնունդով Կուբացի առեւտրի նախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների տնտեսական աճը շարունակելու ամենամեծ դժվարություններից մեկը հմուտ աշխատողների պակասն է.

՚՚Չեմ կարող ասել, թե որքան հաճախ եմ լսում, որ ընկերությունները չեն կարողանում գտնել բավարար թվով աշխատողներ, եւ այդ խնդիրն առկա է երկրի տնտեսության բոլոր ճյուղերում։ Խնդրի կարեւոր լուծումներից է նաեւ ներգաղթը՚՚։

Չնայած Միացյալ Նահանգների օրենսդիրները լուծել են երկրի սահմանների անվտանգության հարցը, պարոն Գուտիերեսն ասում է, թե ժամանակավոր աշխատողների ծրագիրը, որը որակյալ աշխատողներին կընձեռի ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորություն, այս տարի կդրվի երկրի վարչակազմի օրակարգում։

Պարոն Գուտիերեսը նշել է երեք կետանոց ծրագիր աշխարհում Միացյալ Նահանգների մրցունակ մնալու համար, դրանք են. Ամերիկայի դիրքերը պահպանելը որպես գործարարությամբ զբաղվելու աշխարհի լավագույն երկիր, աշխարհում նոր շուկաներ բացելը եւ աշխարհում ամենաորակյալ եւ ամենակրթված աշխատողներ պատրաստելը։

XS
SM
MD
LG