Մատչելի հղումներ

Իրաքն ու Սադամ Հուսեյնը


Իրաքի պաշտոնատարներից մեկը հայտարարել է, թե ձերբակալվել է Սադամ Հուսեյնի մահապատիժը բջջային հեռախոսով գաղտնորեն տեսագրելու մեջ կասկածվող անձը։ Իսկ նախագահ Բուշի վարչակազմի պաշտոնատարներ ասել են, թե Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել մահապատիժն ի կատար ածվելու ձեւի առնչությամբ։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի խորհրդականներից մեկը չորեքշաբթի ասել է, թե կառավարությունը սկսել է Սադամ Հուսեյնի մահապատժի ժամանակ կատարված վիրավորական գործողությունների հետաքննություն։

Բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանված պատկերներում, որոնք տրամադրվել են ինտերնետի բազմաթիվ կայքէջերի, պատկերվում են վկաները, ովքեր Սադամ Հուսեյնին ծաղրում են նրա կախաղան բարձրացվելուց առաջ։

Սունի արաբներն Իրաքում ցույցեր արեցին Սադամի մահապատժի ժամանակ նրա հետ նման ձեւով վարվելու համար, ասելով, որ դա շիաների կողմից ղեկավարվող կառավարության կողմից զուտ փոխվրեժի գործողություն էր։ Բաղդադում ԱՄՆ բանակի խոսնակ Վիլյամ Քոլդվելը փորձեց Միացյալ Նահանգները զատել Սադամի մահապատժի ժամանակ կատարված միջադեպից.

՚՚Եթե ինձ հարցնում եք, թե մենք արդյո՞ք այլ կերպ կվարվեինք, ապա կպատասխանեմ, որ այո, այլ կերպ կվարվեինք։ Սակայն դա մեր որոշումը չէ։ Դա Իրաքի կառավարության որոշումն է՚՚։

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն չորեքշաբթի ասաց, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Սադամի մահապատիժն իրականացվելիս տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Սակայն նա շեշտել է, որ Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել երկարատեւ դատավարությունից հետո, որը համապատասխանել է միջազգային չափանիշներին.

՚՚Թվում է, թե չափազանց մտահոգություն է առկա Սադամ Հուսեյնի կյանքի վերջին երկու րոպեների՝ եւ նվազ մտահոգություն նրա կյանքի 69 տարիների առնչությամբ, որի ընթացքում նա սպանել է հարյուր հազարավոր անձանց՚՚։

Փորձագետներն ասում են, թե աղմկահարուց գործն է՛լ ավելի է բորբոքել հատվածախմբական լարվածությունը սունի եւ շիա արաբների միջեւ Իրաքում։ Էդմունդ Ղարիբը վերլուծաբան է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում.

՚՚Հավանաբար այն յուղ կլցնի հատվածախմբական կրակի վրա, որը դժվարություններ կհարուցի Միացյալ Նահանգների եւ Իրաքի կառավարության համար՚՚։

Իրաքի մի հատուկ դատարան Սադամ Հուսեյնին անցյալ նոյեմբերին դատապարտեց մահվան, իր դեմ 1982 թվականին ձախողված մահափորձից հետո 148 շիաների մահապատիժը կարգադրելու խնդրում ունեցած դերի համար։

XS
SM
MD
LG