Մատչելի հղումներ

Իրաք ամերիկյան հավելյալ զինուժ ուղարկելու շուրջ բանավեճը


Մինչ Միացյալ Նահանգներում քննարկվում է Իրաք հավելյալ զինուժ ուղարկելու հարցը, Միացյալ Նահանգների բանակի հանգստի կոչված որոշ թվով բարձրաստիճան սպաներ իրենց կարծիքն են արտահայտել Իրաքում Վաշինգտոնի քաղաքականության այլընտրանքների շուրջ։

Նախագահ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգները ոչ հաղթում՝ եւ ոչ էլ պարտվում է Իրաքում, ու խորհում է ժամանակավորապես ավելացնել ամերիկացի զինվորների թիվն այնտեղ, Իրաքում վատթարացող կացությունը ետ շրջելու համար։ Սակայն ԱՄՆ նախկին արտգործնախարար Քոլին Փաուելն այս մասին ասել է.

՚՚Համոզված չեմ, թե համայնքների միջեւ բռնարարքները, այս քաղացիական պատերազմը ճնշելու նպատակով Բաղդադում ամերիկյան զինուժի թվաքանակն ավելացնելը, կարդարացնի իրեն՚՚։ Սենատոր Ջոն Մըկքեյնն ասել է, Իրաքի զինուժն ունի Միացյալ Նահանգների օգնության կարիքը.

՚՚Մենք բոլորս գիտենք, որ Իրաքի բանակը կարողունակ չէ միայնակ գործելու։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ամերիկացիները գործեն նրանց հետ միասին՚՚։

Հանգստի կոչված գեներալ Ջեք Քինը նույնպես այս կարծիքին է։ Գեներալն ասել է, թե ամերիկյան զինուժը դիմակայում է ընտրություն Իրաքում եւ հաղթանակն ապահովելու համար կարիք ունի հավելյալ թվով զինվորների։ Սակայն հանգստի կոչված մեկ այլ գեներալ, Վիլյամ Օդոմն ասել է, թե Իրաքից այժմ ամերիկյան զինուժի հեռանալը կկանխի ամերիկյան ռազմավարական դիրքերի է՛լ ավելի վնասվելը.

՚՚Այս կացությունից միակ ելքն ընդունելն է, որ որքան շուտ հեռանանք Իրաքից, այնքան արագորեն կարող ենք վերագտնել դիվանագիտական եւ ռազմավարական շարժունակություն՚՚։ Գեներալ Օդոմն Իրաք Միացյալ Նահանգների ներխուժումն անվանել է ՚՚անմիտ սխալ՚՚, որը դատապարված էր ձախողման սկզբից ի վեր։

Սակայն նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե Միացյալ Նահանգները կհաղթի Իրաքում։ Նախագահն այն կարծիքին է, որ Իրաքում զինվորների թվաքանակն ավելացնելը կօգնի կայունացնելու կացությունը։

XS
SM
MD
LG