Մատչելի հղումներ

Դեկտեմբերի 1Օ-ին նշվում է Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային օրը


1948 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության Ընդհանուր Ժողովը որդեգրեց Մարդու Իրավունքների համաշխարհային հայտարարությունը։ Այդ օրից ի վեր դեկտեմբերի 1Օ-ը նշվում է, որպես Մարդու Իրաքունքների օր ամբողջ աշխարհում։ Այս տարի ՄԱԿ-ը աղքատությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիր հայտարարելով կենտրոնանալու է դրա դեմ պայքարի վրա։

Ծայրահեղ աղքատության պայմաններից ելք գտնելու հույսով ՄԱԿ-ն ու այլ կազմակերպություններ աղքատությունը հայտարարում են մարդու իրավունքների հետ կապված հարց։ Դեյվիդ Բրադլոն Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է.

՛՛Կարծում եմ, որ աղքատության հարցը մարդու իրավունքներին առնչելը ազդեցիկ պատգամ է հղում աշխարհի բոլոր կառավարություններին, որոնք պետք է վերանայեն իրենց բյուջետային ծրագրերը, իրենց քաղաքացիների բնակարանային, առողջապահական եւ կրթական կարիքները ապահովել կարողանալու համար՝՝։

Աղքատությունը այսուհետեւ նկատվելու է մարդու իրավունքների ոտնահարման պատճառ եւ արդյունք, քանի որ, երբ մարդիկ զուրկ են հիմնական իրավունքներից, հալածանքների եւ խտրականության հետեւանքով, նրանք առավել ենթակա են աղքատության։ Մայքըլ Շիֆթըրը Վաշինգտոնում ՛՛Ինթըր-Ամերիքըն Դայալոգ՝՝ հաստատության փոխ-նախագահն է.

՛՛Կարծում եմ, որ մարդու իրավունքների խախտումները տանում են դեպի աղքատություն, իսկ աղքատությունը իր հերթին մարդկանց իրավազրկում է։ Մարդու իրավունքները խախտվում են իշխանության չարաշահման հետեւանքով, ինչը հանգեցնում է աղքատության՛՛։

Պրն. Շիֆթըրի համաձայն, աղքատների կենսապայմանները բարելավելու համար անհրաժեշտ է աշխարհի կառավարություններին ստիպել, որ սոցիալական եւ տնտեսական խնդիրները առաջնահերթություն նկատեն եւ այդ խնդիրները քննարկեն մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես դա արվել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության բնագավառում ամբողջ աշխարհում։

XS
SM
MD
LG