Մատչելի հղումներ

Նախագահ Ջորջ Բուշն ու Իրաքի առնչությամբ նրա  քաղաքականությունը


Նախագահ Ջորջ Բուշը շարունակում է հանդիպել Իրաքի կարեւոր ղեկավարների հետ, ծայրահեղական տարրերից երկիրն անվտանգ դարձնելու համար։ Նախագահը երկուշաբթի օրը հանդիպեց Աբդուլ Ազիզ ալ-Հաքիմի՝ Իրաքի կառավարության խոշորագույն հատվածախմբերից մեկի ղեկավարի հետ։

Նախագահ Բուշը թղթակիցներին Սպիտակ Տանն ասաց, որ ՚՚Իրաքի իսլամական հեղափոխության գերագույն խորհուրդ՚՚ կազմակերպության ղեկավար Աբդուլ Ազիզ Ալ-Հաքիմի ընտանիքի վաթսուն անդամներ սպանվել են Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի կարգադրությամբ.

՚՚Սակայն, դառնանալու փոխարեն, նա ընդգրկվել է երկրի նոր կառավարությանն օգնելու գործում։ Ես պարոն Հաքիմին հավաստիացրեցի, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքը համախմբելու նրա եւ վարչապետի աշխատանքին՚՚։

Պարոն Բուշն ասում է, թե պարոն Հաքիմի հետ քննարկել են Իրաքը քաղաքականապես եւ տնտեսապես բարելավելու՝ ինչպես նաեւ Իրաքի զինուժը մարզելու ու նրան մատակարարելու ուղիները։ Պարոն Հաքիմը ողջունել է օտար երկրների օգնությունը, սակայն նշել է, որ.

՚՚…մենք մերժում ենք Իրաքի խնդիրը լուծելու որեւէ տարածաշրջանային կամ միջազգային փորձ։ Մենք չենք կարող շրջանցել քաղաքական գործընթացը։ Իրաքը պետք է կարողանա լուծել իր խնդիրներն ինքնուրույնաբար՚՚։

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն ասել է, թե պարոն Հաքիմի հետ պարոն Բուշի հանդիպման նպատակը միմյանց թշնամի հատվածախմբերի օգնությամբ Իրաքը վերակառուցելու ընդունակ ազդեցիկ ղեկավարների գտնելն է։ Սակայն երբ պարոն Սնոուին հարց են տվել, թե շիա ծայրահեղական հոգեւորական Մոքթադա Ալ-Սադրն արդյո՞ք կարող է ընդգրկվել ղեկավարների այդ խմբում, պարոն Սնոուն պատասխանել է.

՚՚Մոքթադա Ալ Սադրը պատկանում է երկրի խորհրդարանում երեսուն անդամ ունեցող կուսակցության, որն ունի մի քանի նախարար։ Ենթադրում ենք, որ կուսակցությունը նույպես պարտավոր է բարոյական շահագրգռություն ունենալ վարչապետ Մալիքիի կառավարության հաջողություններում՚՚։

Նախագահ Ջորջ Բուշը հաջորդ ամիս խորհրդակցելու է Իրաքի սուննի մահմեդականների ղեկավարներից մեկի, փոխնախագահ Թարեք Ալ-Հաշեմիի հետ։

XS
SM
MD
LG