Մատչելի հղումներ

ՁԻԱՎ-ի շուրջ ՄԱԿ-ի զեկույցը


ՄԱԿ-ի զեկույցներից մեկում ասվում է, որ ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՎ-ի համաճարակը շարունակվում է տարածվել աշխարհի երկրներում: ՄԱԿ-ի համաձայն, աշխարհում առկա են ՄԻԱՎ-ից կամ ՁԻԱՎ-ից տառապող 39 միլիոն անձինք:

Այդ հիվանդությունից անցյալ տարի մահացել է մոտավորապես երեք միլիոն մարդ եւ արձանագրվել են դրանով հիվանդանալու չորս միլիոնից ավելի նոր դեպքեր: ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Անդերս Նորդսթրոմն այս մասին ասում է.

՚՚Կարեւոր է, որպեսզի շարունակենք ներդրումներն ավելացնել ՄԻԱՎ-ի բուժման ծառայություններում, հիվանդությունից անտեղի մահացությունների թիվը նվազեցնելու նպատակով՚՚:

Բժիշկ Նորդսթրոմն ավելացնում է.

՚՚Ենթասահարային Աֆրիկայում, որն աշխարհի ամենաշատը տուժած տարածաշրջանն է, մարդու կյանքի միջին տեւողությունը 47 տարի է, որը երեսուն տարով նվազ է բարձր եկամուտ ունեցող երկրներում մարդու կյանքի միջին տեւողությունից՚՚:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ՄԻԱՎ-ի վտանգի մեջ գտնվող անձանց հիվանդության կանխման ծրագրերն ունեն որոշ հաջողություն: Զեկույցում նաեւ ասվում է, որ ժուժկալության, պահպանակներ օգտագործելու եւ հնարավորինս նվազ թվով անձանց հետ կենակցելու շուրջ քարոզարշավների շնորհիվ վարակի նոր դեպքերի թիվը նվազել է Բոտսվանայում, Փղոսկրե Ափում, Քենիայում, Մալավիում, Ռվանդայում, Տանզանիայում եւ Զիմբաբվեյում:

ԱՄՆ-ը 2003 թվականին սկսեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարին օգնելու նախագահ Բուշի հրատապ ծրագիրը։ 15 միլիարդ արժեցող հնգամյա ծրագիրը պատմության մեջ հասարակական առողջապահության խոշորագույն նախաձեռնությունն է, որը նվիրված է մեկ հիվանդությանը:

Միացյալ Նահանգները որոշ թվով այլ երկրների հետ ներկայումս աջակցում է 560 հազարից ավելի մարդկանց բուժմանն Աֆրիկայի, Ասիայի եւ Կարիբյան ավազանի ամենաշատը տուժած 15 երկրներում: Աշխարհի տասներեք միլիոնից ավելի անձինք օգտվել են Միացյալ Նահանգների կողմից աջակցվող խորհրդատվական եւ բժշկական քննության ծառայություններից:

Իսկ մոտավորապես երեք միլիոն անձինք օգտվել են Միացյալ Նահանգների կողմից աջակցվող առողջապահական ծառայություններից. այս թվի մեջ նաեւ ներառված է 1 միլիոն 2 հարյուր հազար որբերի եւ վատ կացության մեջ գտնվող երեխաների թիվը:

Նախագահ Ջորջ Բուշն ասում է, որ ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՎ-ն առողջապահական ճգնաժամ են ամբողջ աշխարհում.

՚՚Այս դարաշրջանի սկզբին ՁԻԱՎ-ը տառապանք է պատճառում Աֆրիկայի հեռավոր շրջաններից սկսած մինչեւ Ամերիկայի խոշոր քաղաքների կենտրոնները: Այս վտանգը բազմապատկվում է անտարբերության եւ ինքնագոհության հետեւանքով՚՚:

Պարոն Բուշն ասում է, թե ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՎ-ի հարուցած նշանակալից դժվարությունները ՚՚կհաղթահարվեն կարեկցանքի, ազնվության եւ վճռական գործողությունների միջոցով՚՚:

XS
SM
MD
LG