Մատչելի հղումներ

Իսրայելի խաղաղության առաջարկը


Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը հայտարարել է, որ պատրաստ է սկսելու բանակցություններ, եթե կազմվի պաղեստինյան նոր կառավարություն, որը կդատապարտի բռնարարքներն ու պաղեստինցի ռազմաշունչները կհամաձայնեն ազատ արձակել գերեվարած իսրայելցի զինվորին։

Իսրայելի ղեկավարն իր առաջարկն արել է երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնի մահված տարելիցի արարողության ժամանակ։ Պարոն Օլմերթն ասել է, որ եթե կազմվի Պաղեստինյան նոր կառավարություն, որը կկենսագործի Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ՚՚ուղեցույցը՚՚, եւ ազատ կարձակի իսրայելցի կապրալ Գիլադ Շալիթին, ապա Իսայելը կսկսի խաղաղության բանակցություններ պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասի հետ։

Պարոն Աբասն ՚՚ուղեցույցի՚՚ աջակիցներից է, որի համաձայն, Իսրայելի հարեւանությամբ ստեղծվելու է Պաղեստինի պետություն։ Պարոն Աբասի խորհրդական Նաբիլ Աբու Ռդենեհը ողջունել է պարոն Օլմերթի առաջարկը.

՚՚Մենք պատրաստ ենք սկսելու բանակցություններ, ՚՚ուղեցույցն՚՚ անհապաղ կենսագործելու համար՚՚։

Սակայն Համաս ռազմաշունչ կազմակերպության խոսնակ Ֆավզի Բարհուդը թերահավատությամբ է արտահայտվել այդ մասին.

՚՚Եթե Օլմերթը ցանկանում է վերջ տալ Գազայի Գոտու փակմանը, վերացնել Պաղեստինյան ժողովրդի պաշարումը եւ ազատ արձակել բանտարկյալներին, ապա դա նրա գործն է, քանի որ Իսրայելն է սկսել այս անարդարացի գործողությունները պաղեստինյան ժողովրդի դեմ՚՚։

Պարոն Օլմերթն իր առաջարկն արել է Գազայի գոտում հրադադար հաստատելուց մեկ օր անց։ Իսրայելն այս տարվա հունիսին Գազայի գոտի ներխուժեց Համասի ռազմաշունչների կողմից կապրալ Շալիթի առեւանգվելու հետեւանքով։

ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Շոն Մըքքորմաքի կարծիքով, Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղության գործում առկա են խոչընդոտներ.

՚՚Համասը խոչընդոտ է իրենց պետությունը ստեղծելու Պաղեստինյան ժողովրդի ջանքերի համար։ Այլ խոչընդոտ են Իսրայելի հետ խաղաղությունից հրաժարվող եւ բռնարարքների դիմող խմբերը՚՚։

Իսրայելի փրկարար աշխատողները հայտնել են, որ երկուշաբթի օրը երկու հրթիռ է արձակվել Գազայի գոտուց, սակայն ավելացրել են, որ հրթիռներն ընկել են Իսրայելի քաղաքներից մեկի մերձակայքում եւ զոհեր չկան։

XS
SM
MD
LG