Մատչելի հղումներ

Ռիգայում նոյեմբերի քսանութին սկսվելու է ՆԱՏՕ-ի վեհաժողովը


Ակնկալվում է, որ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նոյեմբերի 28-ին սկսվող ՆԱՏՕ-ի վեհաժողովի օրակարգում թերեւս կդրվեն նաեւ Աֆղանստանում զինուժի տեղաբաշխման, միջուկային զենքը չտարածելու, ՆԱՏՕ-ի ընդարձակման եւ նավթա-գազատար խողովակաշարերի անվտանգության հարցերը։

Վերլուծաբաններն ասում են, թե Ռիգայում սկսվող ՆԱՏՕ-ի վեհաժողովը հավանաբար չի բարելավի Ռուսաստանի եւ Դաշինքի միջեւ, նրանց կարծիքով, սառը՝ սակայն կայուն հարաբերությունները։

Բալթյան հանրապետությունները 2004 թվականին իր կազմի մեջ ընդունելու ՆԱՏՕ-ի որոշումից հետո Ռուսաստանի նախկին սերտ դաշնակից Ուկրաինան նույնպես ցանկություն հայտնեց միանալու Դաշինքին։

Կրեմլը նաեւ բորբոքվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Վրաստանի հետ, այսպես կոչված, մանրամասն երկխոսության մեջ մտնելու Դաշինքի վերջերս կայացրած որոշումից, սակայն վերլուծաբանների կարծիքով, չի ակնկալվում Վրաստանի անդամակցության մասին կայուն որոշում։

Պավել Ֆալգենհաուըրը Մոսկվայում հաստատված անկախ վերլուծաբան է ռազմական հարցերով.

՚՚Ռուսաստանին սահմանակից բազմաթիվ երկրների համար ՆԱՏՕ-ն երաշխիք է, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններն ու նախկին դաշնակից երկրները չեն լինի Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Դա՛ է պատճառը, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն թշնամիներ են, եւ չեն կարող ունենալ լավ հարաբերություններ՚՚։

Սակայն նաեւ առկա է մտահոգություն Ռուսաստանի նավթից եւ գազից Եւրոպայի հարաճուն կախվածության առնչությամբ։ Եւգենի Վոլկը Մոսկվայում ՚՚Հերիթիջ՚՚ հաստատության գրասենյակի ղեկավարն է։ Նրա կարծիքով ՆԱՏՕ-ի վեհաժողովի օրակարգում դրվելու է նաեւ էներգիայի անվտանգության խնդիրը.

՚՚ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, անշուշտ, կցանկանային նաեւ այլ երկրներից ստանալ իրենց անհրաժեշտ վառելանյութերը, որպեսզի նվազ չափով ապավինեն Ռուսաստանին՚՚։

Վերջերս Ռուսաստանը կտրեց նավթի եւ գազի մատակարարումը Ուկրաինային եւ Վրաստանին, որի պատճառը, վերլուծաբանների կարծիքով, այդ երկրներում գունավոր հեղափոխություններից Կրեմլի դժգոհությունն էր։

Վերլուծաբաններն ասում են, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովը հավանաբար կսահմանի Մոսկվայի եւ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի միջեւ հարաբերությունը մոտ ապագայի համար։

XS
SM
MD
LG