Մատչելի հղումներ

Աշխարհի երկրների ջրի ճգնաժամը


Ոչ մաքուր ջրի հետեւանքով առաջացող հիվանդություններից աշխարհի երկրներում ամեն տարի մահանում է մոտավորապես երկու միլիոն երեխա։ ՄԱԿ-ի զեկույցներից մեկում ասվում է, թե այս խնդրին վերջ դնելու համար առկա են բոլոր միջոցները, սակայն բացակայում է քաղաքական կամքը։

Զեկույցում ասվում է, որ ջուրը մարդկանց կյանքի համար հիմնական եւ խիստ էական անհրաժեշտություն է։ Սակայն զեկույցի համաձայն, աշխարհում մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն մարդ մատչելիություն չունի մաքուր ջրին եւ առողջապահությանը։

Մաքուր ջրին մատչելիություն չունեցող երեխաները հիմնականում մահանում են արնալուծից, աղքատ երկրներում։ Սակայն զեկույցի առաջատար հեղինակներից Քեւին Վոթքինզն ասում է, թե դրա հետեւանքով խիստ տուժում է նաեւ տնտեսությունը.

՚՚Ենթասահարային Աֆրիկայում, որն աշխարհի ամենաաղքատ տարածաշրջանն է, ներքին համախառն արտադրանքի ծավալը կազմում է տարեկան հինգ տոկոս, մաքուր ջրին մատչելիություն չունենալու հետեւեանքով առաջացող հիվանդությունների եւ աշխատուժի նվազման պատճառով՚՚։

Պարոն Վոթքինզն ասում է, թե ջրին մատչելիությունը մարդկանց միջեւ անհավասարության չափազանց ազդեցիկ պատճառ է։ Պարոն Վոթքինզն ավելացնում է, թե աղքատները շատ ավելի են վճարում ջրի համար, քան հարուստները։

Պարոն Վոթքինզն ասում է, թե ջրին մատչելիության անհավասարությունը նաեւ կարող է դառնալ քաղաքական հակամարտության պատճառ։ Որպես օրինակ, պարոն Վոթքինզը վկայակոչում է Մերձավոր Արեւելքի կացությունը.

՚՚Պաղեստինյան գրավյալ տարածքներում ապրող հրեա վերաբնակները մեկ շնչին հասնող բաժնով, մոտավորապես տասն անգամ ավելի շատ ջուր են ծախսում պաղեստինցիների համեմատությամբ՚՚։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, ջրի ճգնաժամի լուծման նախնական ծախսը թերեւս կկազմի 10 միլիարդ դոլար։

Ծրագիրը ֆինանսավորելու համար, այն աշխարհի երկրների կառավարություններին կոչ է անում իրենց ներքին համախառն արտադրանքի ընդամենը մեկ տոկոսը հատկացնել խնդիրը լուծելու նպատակով, որը զարգացող երկրներում ներկայումս կազմում է ընդամենը զրո ամբողջ երկու տասնորդական տոկոս։

XS
SM
MD
LG