Մատչելի հղումներ

ԱՄՆ արտաքին քաղաքականության հեռանկարը


Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի զույգ պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատներն առաջ կմղեն մի շարք խոշոր փոփոխություններ երկրի արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն փորձագետների կարծիքով, դրանց կենսագործումը կախված կլինի նախագահ Բուշից։

Անցյալ երեքշաբթի ընտրություններում իրենց հաղթանակը տոնելուց հետո, դեմոկրատները պատրաստ են աշխատելու երկրի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ կատարելու համար։ Բարձրաստիճան դեմոկրատները, այդ թվում սենատոր Կառլ Լեւինը, ով հավանաբար կընտրվի սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ, կոչ են անում ամերիկյան զինուժը փուլ առ փուլ դուրս բերել Իրաքից.

՚՚Այս անգամ հույս ունեմ, որ երկկուսակցական մեծամասնություն կկազմենք կոնգրեսում եւ վարչակազմին կմղենք փուլ առ փուլ վերատեղաբաշխելու ամերիկյան զինուժը՚՚։

Սակայն արդյո՞ք հնարավոր է մշակել երկկուսակցական արտաքին քաղաքականություն, դեռեւս անհայտ է։ ՚՚Ամերիկյան առաջընթացի կենտրոն՚՚ կազմակերպությունից Լորենս Կորբն ասում է, թե շատ բան կախված կլինի նախագահ Բուշից.

՚՚Մինչ, անշուշտ, կոնգրեսը կարող է այս հարցում դեր ունենալ, երկկուսակցական համագործակցության խթանը պետք է գա գործադիր իշխանությունից՚՚։

Խարդախ երկրների հետ բանակցություններ վարելը թերեւս դեմոկրատների կողմից առաջ մղվող հարցերից է. Այս մասին դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մըքգավըրնն ասում է.

՚՚Գիտեք, երբեմն անհրաժեշ է ախոյանների հետ, ինչպես օրինակ մեզ համար Իրանն ու Լիբիան են, երկխոսություն ավելի շատ ունենալ, քան բարեկամների հետ՚՚։

Ամերիկյան արտաքին քաղաքականության համար առկա են բազմաթիվ կարեւոր հարցեր, սակայն գլխավորը մնում է Իրաքի խնդիրը։ Թե դեմոկրատները, եւ թե հանրապետականները, այդ թվում նախագահը սպասում են Բեյքր-Համիլտոն հանձնախմբի երկկուսակցական զեկույցին, որն Իրաքի խնդրում առաջարկելու է նոր ռազմավարություն։

XS
SM
MD
LG