Մատչելի հղումներ

Ազգայնամոլությունը Ռուսաստանում


Մոսկվայում ապրող ազգությամբ վրացի անձանց տասնյակ բիզնեսներ փակելու եւ նրանց բռնի հայրենադարձնելու Ռուսաստանի իշխանությունների արշավից հետո մարդու իրավապաշտպանները նախազգուշացնում են Ռուսաստանում հարաճունորեն ավելացող օտարատյացության մասին։

Տուգանիձեների ընտանիքին տրվել է 24 ժամ Մոսկվայի իրենց բնակարանից հեռանալու համար։ Նրանք այս բնակարանում ապրել են չորս տարի, սակայն բնակարանի տերը նրանց կարգադրել է հեռանալ։

Նատալյա Բաբանաշվիլին ասում է, թե Մոսկվայում ապրելը վրացիների համար վերջերս դարձել է չափազանց անապահով.

՚՚Ես երկյուղում եմ վրացերեն խոսել փողոցում։ Այն զգացումն ունեմ, որ մարդիկ դրան սխալ կվերաբերվեն ու ոստիկանությունը կգա եւ կստուգի փաստաթղթերս՚՚։

Ռուսաստանի իշխանությունները հակավրացական արշավ սկսեցին անցյալ ամիս, լրտեսության մեջ կասկածվող չորս ռուս սպաների Թբիլիսիում ձերբակալվելուց հետո, որի հետեւանքով Մոսկվան փոստային եւ տրանսպորտային պատժամիջոցներ հաստատեց Վրաստանի դեմ։

Նոյեմբերի չորսին Մոսկվայում կայացավ ռուս ազգայնական կազմակերպությունների քայլարշավ, որի կարգախոսն էր ՚՚Ռուսաստանը ռուսների համար է, եւ ապօրինի ներգաղթողները պետք է հեռանան՚՚։

Ալեքսանդր Բելովը ՚՚ընդդեմ ապօրինի ներգաղթման՚՚ կազմակերպության ղեկավարն է.

՚՚Մարդկանց մեծամասնությունը համամիտ է մեր տեսակետներին։ Ամեն օր մեծ թվով անձինք են դիմում մեր շարժմանը միանալու համար՚՚։

Պարոն Բելովն ասում է, թե մի քանի օրենսդիրներ աջակցում են իրենց, որն ապշեցրել է որոշ թվով օրենսդիրների, ինչպես օրինակ, Ալեքսանդր Ռիժկովն է.

՚՚Կառավարությունը, որը սադրել է ազգայնամոլական այս միտումները, այժմ դժվարանում է դադարեցնել ազգայնամոլական այս ալիքը՚՚։

Տուգանիձեների ընտանիքն ասում է, թե իրենց բարեկամների մեծամասնությունը հեռացել է Մոսկվայից։ Անօթեւան դառնալով քաղաքում, ուր ապրել են տասը տարի, նրանք այժմ նույնպես ծրագրում են հեռանալ Ռուսաստանի մայրաքաղաքից։

XS
SM
MD
LG