Մատչելի հղումներ

Կոնգրեսական ընտրությունները Միացյալ Նահանգներում


Ամերիկայի հայ դատի հանձնախումբը երկու շաբաթ առաջ հրապարակել է այն սենատորների եւ կոնգրեսականների ցանկը, ում իր զորակցությունն է հայտնում ԱՄՆ կոնգրեսում եւ սենատում ընտրվելու համար։

Այսօր, նոյեմբերի յոթին Միացյալ Նահանգներում ընրություններ են, ուր քվեատուներն ընտրելու են Կոնգրեսի բոլոր 435 անդամներին եւ Սենատի անդամների մեկ երրորդին։ Մինչ այդ, գրեթե մեկ ամիս տեւած լարված ընտրապայքարի ընթացքում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ամերիկայի հայ համայնքի համար հրապատակել է այն 196 կոնգրեսականների եւ 16 սենատորների անունները, ում իր զորակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների ընտրություններում։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնյան գրասենյակի հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Եղիսաբեթ Չուլջյանն ասաց, որ տեղեկագրի պատրաստումը երկարատեւ գործընթաց է.

՚՚Նախ հարցաթերթիկներ կպատրաստենք եւ կուղարկենք թե՛ Սենատի, թե՛ Ներկայուցիցչների Պալատի բոլոր թեկնածուներին, ու հազարից ավելի թեկնածուներ կան այս պարագային, որպեսզի ճշտենք իրենց կեցվածքը հայկական հարցերի գծով, եւ վերջն այդ տեղեկությունները կառնենք եւ կհանձնենք հայ քվեատուներին՚՚։

Եղիսաբեթն ավելացրեց, որ այնուհետեւ ընտրում են երկու կուսակցություններից այն կոնգրեսականներին եւ սենատորներին, ովքեր անցյալում մշտապես աջակցել են հայկական հարցերի լուծմանը, ինչպես օրինակ, հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը, հայանպաստ օրենսդրությունների հաստատմանը, Հայաստանին, Ղարաբաղին օգնություն հատկացնելուն, օգնել են Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրեսի քննարկմանը դնելուն եւ այլն։

Եղիսաբեթն ասաց, որ իրենց թեկնածուներին զորավիգ են կանգնում մի քանի ձեւով. առաջին, անմիջական կերպով նրանց օգտին քվեարկելով, երկրորդ, թեկնածուների ընտրապայքարին օժանդակելով հեռախոսազանգերով, նամակներով, նրանց օգտին շահախմբական աշխատանք կատարելով, եւ երրորդ, դրամական նվիրատվությամբ։

Եղիսաբեթն ավելացրեց, որ այս տարվա ընտրություններում ցավոք սրտի ծանր կացության մեջ է հայտվել Նյու Յորքից հայազգի կոնգրեսական Ջոն Սվինին, իսկ հայազգի մյուս կոնգրեսականը, Աննա Էշյուն, բարեբախտաբար ակնկալվում է, որ կվերընտրվի դյուրությամբ։

Եղիսաբեթի կարծիքով, այսօր կայացող ընտրությունների արդյունքը թերեւս մեծ ներգործություն կունենա ամերիկահայ գաղութի եւ համայն հայության վրա, քանի որ.

՚՚Նենսի Փելոսին, ով հավանաբար խոսնակը կդառնա, եթե դեմոկրատները մեծամասնություն ստանձնեն, միշտ զորավիգ կանգնած է հայոց ցեղասպանության ճանաչման հարցի գծով, զորավիգ կանգնած է Հայաստանի օժանդակություն ուղարկելու աշխատանքներուն 1986 թվականից ի վեր՚՚։

Եղիսաբեթի կարծիքով, ընտրություններում թերեւս Դեմոկրատների վերահսկողության ներքո կարող է անցնել թե՛ Ներկայացուցիչների Պալատը, եւ թե՛ Սենատը.

՚՚Նոյեմբեր յոթը պիտի ըլլա դրա պատասխանը, հստակ է, որ երկու կուսակցությունները մինչեւ վերջը պետք է բուռն պայքարի մեջ ըլլան՚՚։

Դե ինչ, քիչ ժամանակ է մնում ընտրությունների արդյունքների հրապարակմանը, որոնք հասարակայնությանն ի հայտ կդառնան վաղը, նոյեմբերի ութի առավոտյան։

XS
SM
MD
LG