Այժմ, երբ Միացյալ Նահանգների միջժամկետային ընտրություններին մնացել է տասն օր, նախագահ Բուշը խոստովանում է, որ ամերիկյան հասարակայնությունը դժգոհ է Իրաքում կացությունից։
Սակայն, նախագահը վերահաստատում է Իրաքի հակամարտությունը շահելու իր վճռականությունը։ Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե այս ամիս Իրաքում զոհվող ամերիկացի զինվորների թիվը ՚՚լուրջ մտահոգություն է՚՚։
՚՚Գիտեմ, որ բազմաթիվ ամերիկացիներ գոհ չեն Իրաքում կացությունից։ Ես նույնպես գոհ չեմ՚՚։
Չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում նախագահը վերահաստատեց Իրաքում հաղթանակին իր հանձնա- ռությունը։ Պարոն Բուշն ավելացրեց, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին պետք է քայլեր կատարի հատվածախմբական բռնարարքները վերահսկելու համար.
՚՚Մենք հստակեցնում ենք, որ ամերիկացիների համբերությունն անսահման չէ։ Սակայն, նաեւ ըմբռնում ենք Իրաքի ղեկավարների դիմակայած դժվարին խնդիրները, եւ այդ իսկ պատճառով հավելյալ ճնշում չենք գործադրի Իրաքի կառավարության վրա՚՚։
ԱՄՆ միջժամկետային ընտրություններին մնացել է տասն օր եւ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մոտավորապես 65 տոկոսը գոհ չէ Իրաքի խնդիրը լուծելու հանրապետական նախագահի ջանքերից։ Մամլո ասուլիսում նախագահ Բուշին հարց տրվեց, թե արդյո՞ք ԱՄՆ ընտրությունները կարելի է համարել հանրաքվէ Իրաքի շուրջ։
Նախագահը պատասխանեց, որ ընտրությունները հանրաքվէ են այն հարցի շուրջ, թե քաղաքական ո՞ր կուսակցությունը կարող է օգնել Միացյալ Նահանգների տնտեսությանը եւ ապահովել ամերիկացիների անվտանգությունը։ Նախագահն ավելացրեց, որ Իրաքում հաղթանակը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չորեքշաբթի օրը քննադատեց ԱՄՆ պաշտոնատարների կոչը, ովքեր նրա կառավարությանը կոչ են անում նշանակել քաղաքական նպատակներն իրականացնելու ժամանակացույց։ Պարոն Մալիքին ասաց, որ օտարերկրյա ոչ մի կառավարություն իրավունք չունի ժամանակացույց հարկադրելու Իրաքի կառավարությանը։