Ապօրինի ներգաղթի խնդիրն անցած տարի բուռն կրքեր հարուցեց Միացյալ Նահանգներում, եւ այն կարող է գործոն հանդիսանալ երկրում ընթացող որոշ թվով կոնգրեսական ընտրություններում։
Արիզոնայի ութերորդ վարչաշրջանից կոնգրեսի հանրապետական թեկնածու Ռենդի Գրաֆն իր կուսակցության նախնական ընտրություններում հաղթեց Վաշինգտոնի Համերկրային Հանրապետական հանձնաժողովի ընդդիմությանը հակառակ, որն այն կարծիքին է, թե պարոն Գրաֆը չափազանց կենտրոնացած է ներգաղթի խնդրի վրա եւ անտեսում է կարեւոր այլ հարցեր։
Սակայն նա համաձայն չէ իր կուսակցության կարծիքին.
՚՚Ապօրինի ներգաղթն ազդում է մեր համայնքների, դպրոցների, առողջապահական համակարգի, դատարանների եւ այստեղ, Արիզոնայում եկամտահարկ վճարող մեր բնակչության վրա։ Կոնգրեսական Գաբրիել Գիֆորդզը պետք է բացատրի, թե ինչու՞ է աջակցում ապօրինի ներգաղթողներին ներում շնորհելուն եւ սահմանները բաց պահելուն՚՚։
Գաբրիել Գիֆորդզը ժխտում է մեղադրանքը.
՚՚Մենք պետք է խստորեն մոտենանք այս խնդրի լուծմանը Մենք պետք է պատասխանատվության կանչենք ապօրինի ներգաղթողների աշխատանքի ընդունած ընկերություններին, եւ պետք է ունենանք հյուր-աշխատողների ծրագիր՚՚։
Գիֆորդզը փաստարկում է, որ դեպի քաղաքացիություն տանող հյուր-աշխատողների ծրագիրը ներում չէ ներգաղթի օրենքները խախտած անձանց համար։ Արիզոնայի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր Բիլ Դիքսոնն ասում է, թե քվեատուների մեծամասնության համար ավելի կարեւոր են ահաբեկչության, Իրաքում պատերազմի, առողջապահության նման հարցերը.
՚՚Անկեղծորեն ասած, եթե իրավապահ մարմիններն իսկապես սկսեն խստություն ցուցաբերել գործատուների նկատմամբ, հարավային Արիզոնայում գյուղատնտեսությունը կհայտնվի խիստ անախորժ կացության մեջ՚՚։
Ռենդի Գրաֆն ասում է, թե մի քանի նոր հարցախույզների համաձայն, քվեատուների շրջանում առավելություն է ձեռք բերում Գաբրիելա Գիֆորդզի նկատմամբ։ Երկու թեկնածուների միջեւ մինչեւ ընտրությունները ծրագրվում է մի քանի հրապարակային բանավեճ։