Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտությունը


Վաշինգտոնն ու Պեկինը կոչ են անում զսպվածություն հանդես բերել Հյուսիսային Կորեայի հարցում, երկյուղելով որ Փհենյանը կարող է կատարել միջուկային մի երկրորդ փորձարկում։

Հյուսիսային Կորեայի գլխավոր հրապարակում կազմակերպվել էր հասարակության աջակցությունը ցույց տվող մի տեսարան, ուր հազարավոր կորեացիներ տոնում էին երկրի պետական ռադիո-հեռուստատեսության կողմից ՚՚հաջող եւ պատմական՚՚ անվանված միջուկային փորձարկումը։

Սակայն, առնվազն մեկ լրատվական գործակալության համաձայն, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Իլը ափսոսանք է հայտնել հոկտեմբերի իննին փորձարկումը կատարելու համար եւ այցելությամբ իր երկրում գտնվող չինական պատվիրակությանն ասել է, թե երկրորդ փորձարկում չի լինի։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Յուն Կվանգ Ունգը Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Դոնալդ Ռամսֆելդին հանդիպելուց հետո թղթակիցներին ասել է, որ այս անգամ կերեւա, թե Փհենյանն արդյո՞ք կատարում է իր խոստումը.

՚՚Ինչպես արդեն վարվել ենք Փհենյանի միջուկային առաջին փորձարկման համար, Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ը կշարունակեն հետախուզական տվյալներ փոխանցել միմյանց, Փհենյանի միջուկային երկրորդ փորձարկման մասին՚՚։

ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը շեշտեց Ասիայում իր գործակիցներին պաշտպանելու Միացյալ Նահանգների հանձնառությունը.

՚՚Միացյալ Նահանգները վերստին հավաստում է իր կայուն հանձնառությունները, որոնց թվում է Վաշինգտոնի միջուկայի պաշտպանությամբ առաջարկվող զսպման շարունակումը, որը նախատեսվում է երկկողմ պայմանագրով՚՚։

ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը մտահոգություն է հայտնել, որ Փհենյանից ապօրինի զենքերը կարող են ընկնել խարդախ պետությունների ձեռքը.

՚՚Նախագահ Հուն եւ նախագահ Բուշը հանձնառու են խնդրի դիվանագիտական լուծմանը։ Փենյանն առանց նախապայմանի պետք է վերադառնա բանակցությունների սեղանին՚՚։

Հյուսիսային Կորեան անցած նոյեմբերից ի վեր հրաժարվում է վերադառնալ վեցակողմ բանակցություններին, ուր ընգրկված են Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները։

XS
SM
MD
LG