Մատչելի հղումներ

Հունգարիայի ապստամբության հիսունամյա տարելիցը


2006 թվականի հոկտեմբերի քսաներեքին լրանում է իրենց կոմունիստական կարգերի դեմ հունգարացիների ապստամբության հիսունամյա տարելիցը, երբ երկու շաբաթ տեւած հարաբերական ազատությունից հետո նրանց հեղափոխությունը դաժանորեն ճնշվեց Կարմիր Բանակի կողմից։

Սա ապստամբություն էր, որն իր վրա բեւեռեց աշխարհի երկրների ուշադրությունը։ Սկզբում թվում էր, թե այն հաջողության է հասել։ Բարեթ Մըքգըրնը 1956 թվականին Հռոմում ՚՚Նյու-Յորք Հերալդ Թրիբյուն՚՚ թերթի բյուրոյի նախկին ղեկավար է.

՚՚Տպավորությունս այն էր, որ հունգարացիներն իսկապե՛ս կարծում էին, որ ազատ էին՚՚։

Պարոն Բարեթը Բուդապեշտ ժամանեց, երբ Խորհրդային զորքն արդեն հեռացել էր այնտեղից։ Սակայն լուրեր տարածվեցին, որ ռուսական զինուժը վերստին մտել է քաղաք եւ նոր կռիվներ են սկսվել։ Պարոն Բերեթն ավելացնում է

՚՚Կիրակի օրը, նոյեմբերի մեկին մոմեր էին վառվում բոլոր հունգարացիների պատուհաններում, երբ ռուսները մտան քաղաք՝ անխտիր կրակելով ամեն բանի վրա՚՚։

Ինես Կեմենեշն ապստամբության ականատեսներից է.

՚՚Վաղ արշալույսին արթնացանք հրանոթների որոտից։ Երկրի վարչապետ Իմրե Նագին ռադիոյով ասում էր, որ Բուդապեշտը հարձակման տակ է, եւ պետք է պաշտպանենք այն՚՚։

Հունգարացիները հույս ունեին, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքն օգնության կհասնեն, սակայն նրանք ունեին ավելի խոշոր մտահոգություն, որը Սուեզի ճգնաժամն էր։ Հունգարիայի ապստամբության ժամանակ զոհվեցին երկու հազարից ավելի անձինք։ 200 հազար մարդ փախավ երկրից։ Պարոն Բարեթն այս մասին ավելացնում է.

՚՚Կարծում եմ, մենք չափազանց մոտ էինք Երրորդ համաշխարհային պատերազմին՚՚։

Հունգարիային եւ Արեւելյան բլոկի նրա հարեւան երկրներին հարկադրված կոմունիստական խավար գիշերը շարունակվեց եւս երեք տասնամյակ։ Սակայն, ազատության նրանց երազանքը վերջապես հաղթանակեց, երբ 1989 թվականին քանդվեց Բեռլինի պատը։

XS
SM
MD
LG