Մատչելի հղումներ

Իրանի ադրբեջանցիների փոքրամասնությունը պայքարում է իր իրավունքների համար


Իրանի ադրբեջանցիների փոքրամասնությունը վերջին տասնհինգ տարում պայքարում է մշակութային եւ լեզվական ավելի մեծ իրավունքների համար, որոնց թվում է Իրանի Ադրբեջանի շրջանի թուրքերեն լեզվով դպրոցներ հաճախելու իրավունքը:

Իրանի սահմանադրությունը նախատեսում է ինքնաարտահայտման այսպիսի ազատություն: Սակայն, իրականում կառավարությունը շարունակում է արգելել Ադրբեջանի շրջանի թուրքերեն լեզվով դպրոցների գործունեությունն ու հալածում է ադրբեջանցի գործիչներին, ասում է Իրանի Ադրբեջանի շրջանի քաղբանտարկյալների պաշտպանության միության անդամ Ֆախտեհ Զամանին.

՚՚Իրանի վարչակարգը բանտ է նետում մշակութային եւ լեզվական ազատությունների համար պայքարող գործիչների, ովքեր փորձում են բարձրացնել ժողովրդի իրազեկությունը ամենահիմնական եւ արմատական իրա- -վունքների շուրջ: Մարդու իրավունքների համար պայքարող գործիչներ, լրագրողներ եւ գրողներ դարձել են գաղտնի ոստիկանության զոհերը։ Այս գործիչները բանտ են նետվել, եւ մշտապես ենթարկվում են հալածանքի՚՚:

՚՚Միջազգային Ներում՚՚ մարդու իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, թե Իրանի ադրբեջանցիների համայնքի տասնհինգ անդամներ ձերբակալվել են դպրոցական տարվա սկսվելու առաջին օրն աշակերտների բոյկոտը խրախուսելու համար:

Ձերբակալվածների թվում է Էսեդուլահ Սելիմին: Ձերբակալվելու եւ Թավրիզի բանտը տարվելու ժամանակ, նրա մոտ հայտնաբերել են բոյկոտին աջակցելու նպատակով ցույցերը գովազդող թռուցիկներ: Ձերբակալված այլ գործիչների թվում են Իսկենդեր Միրզաին, Մեհդի Վահիդին եւ Էլի Սեդիք Բեյրեքը:

Լուրերի համաձայն, նրանցից ոմանք, ինչպես օրինակ, Մոհամեդ Ռեզա Էվեզփուրին, մարմնական տանջանքների են ենթարկվել բանտում: Իրանի կառավարությունը երկրի ադրբեջանցի փոքրամասնության դեմ խիստ միջոցների դիմեց սույն տարվա մայիսին:

Ցույցերը սկսվեցին Իրանի հյուսիս-արեւմտյան մասում, երբ պետական օրաթերթերից մեկում հրատարակվեց երկրի բազմաթիվ ադրբեջանցիների վիրավորող ծաղրանկար: Տեղեկությունների համաձայն, այդ ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր, թերեւս հազարավոր ցուցարարներեր:

Այդ ժամանակից ի վեր նրանց մեծամասնությունն ազատ է արձակվել, սակայն լուրերի համաձայն, որոշ թվով ցուցարարներ դատապարտվել են բանտային կալանքի, կամ էլ ենթարկվել են մտրակահարման: Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջուլի Ռիսայդն իր գրավոր հայտարարության մեջ ասում է, թե ԱՄՆ-ն Իրանի կառավարությանը դատապարտում է Իրանի բնիկ ադրբեջանցիների փոքրամասնությանը հալածելու համար:

Ջուլի Ռիսայդն ասում է, թե Միացյալ Նահանգներն Իրանի կառավարությանը կոչ է անում ՚՚հարգել բոլոր իրանցիների իրավունքները ու բանտից ազատ արձակել արտահայտվելու եւ միություններ կազմելու իրենց համամարդկային իրավունքները պնդող անձանց՚՚:

XS
SM
MD
LG