Օտարերկրյա ոչ-կառավարական կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունը շարունակելու համար պետք է գրանցվեն մինչեւ հոկտեմբերի տասնութը, Ռուսաստանի իշխանություններին մեղադրում են իրենց գրանցման գործընթացն ավելորդ կերպով բարդացնելու մեջ։
Ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությունը կառավարող նոր օրենքը Ռուսաստանում ուժի մեջ մտավ ապրիլին։ Նոր օրենքով, օտարերկրյա ոչ-կառավարական բոլոր կազմակերպություններն իրենց գործունեությունը շարունակելու համար գրանցման իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն Ռուսաստանի իշխանություններին։
Մոսկվայում ՚՚Միջազգային Ներում՚՚ կազմակերպության ներկայացուցիչ Ելենա Ֆրանկլինն ասում է, թե Ռուսաստանի կառավարության կողմից հարկադրվում են բյուրոկրատական բազմաթիվ խոչընդոտներ.
՚՚Մեր կարծիքով, նրանք պահանջում են անմիտ բաներ։ Օրինակ, նրանք պահանջում են մեր կազմակերպության գլխավոր քարտուղար Իրեն Խանի տան հասցեն ու նաեւ մեր կազմակերպության հիմնադիրների մահվան վկայականները՚՚։
՚՚Մարդու իրավունքների հսկում՚՚ կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ալիսոն Մըքգիլն ասում է, թե նոր օրենքով, Ռուսաստանի իշխանությունների հետ իրենց ապագա աշխատանքը պետք է համակարգեն նախօրոք.
՚՚Եթե մեր գրասենյակն ապագայում ցանկանա ընդգրկվել մարդու լուրջ իրավախախտումների որեւէ խնդրում, ապա չենք կարող արձագանքել դրան, քանի որ չենք կանխագուշակել դեպքը, եւ դա չի մտել մեր տարեկան ծրագրի մեջ՚՚։
Նախագահ Պուտինն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա իր երկրում քաղաքական գործունեության օտարերկրյա որեւէ ֆինանսավորում։ Մոսկվայում ԱՄՆ եւ Կանադայի ինստիտուտի փորձագետ Վիկտոր Կրեմենյուկի համաձայն, Կրեմլի մտահոգությունը, որ ոչ-կառավարական կազմակերպությունները կարող են ազդել ռուսների հասարակական կարծիքի վրա, անհիմն են։
՚՚Հեղափոխությունները չեն ներմուծվում, դրանք կատարվում են՝ երբ մարդիկ գոհ չեն իրենց կյանքից՚՚։
Դիտորդներն ասում են, թե ոչ-կառավարական կազմակերպությունների մեծամասնությունը մինչեւ հոկտեմբերի տասնութը չի կարող գրանցվել, եւ հարկադրված կլինի առկախել իր գործունեությունը Ռուսաստանում։