Մատչելի հղումներ

Նահանգապետական ընտրությունները Կալիֆոռնիայում


Մինչ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար ընտրությունները մոտենում են, նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի եւ նահանգապետի պաշտոնի հավակնորդ Ֆիլ Անջելիդեսի միջեւ ընթանում է լարված ընտրարշավ։

Նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն օգտվեց նահանգապետի իր առավելությունից, երբ Ըրվինի ագարակից 37 հազար ակրը հայտարարեց համերկրային նշանակության անձեռնմխելի տարածք։ Դա նրան հնարավորություն ընձեռեց ընդգծելու շրջակա միջավայրի պաշտպանի իր նկարագիրը։

Իսկ Դեմոկրատական կուսակցությունից նրա ախոյանը, Ֆիլ Անջելիդեսը, մասնակցելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում կազմակերպված մի հավաքի ասաց, որ նահանգապետը բարձրացրել է կոլեջներում ուսանելու վարձը եւ գրեթե ոչինչ չի արել կրթության համար.

՚՚Նահանգապետը շաբաթ երեկոյան ստեց կալիֆոռնիացիներին երբ ասաց, թե երբեք չի ավելացրել ուսման վճարը՚՚։

Հազարավոր ուսանողներ հավաքներում երկու տարի առաջ բողոքեցին ուսման վճարի ավելացման դեմ։ Նահանգապետ Շվարցենեգերն իր ախոյանին մեղադրում է, որ նախկին նահանգապետ Գրեյ Դեյվիսի կողմից ուսման վճարներն ավելացվելու ժամանակ պարոն Անջելիդեսը չի առարկել դրա դեմ, մեղադրանք՝ որը ժխտում է պարոն Անջելիդեսը։

Թե՛ նահանգապետ Շվարցենեգերը, եւ թե՛ նրա ախոյանը, պարոն Անջելիդեսը, ընտրարշավի նպատակով օգտագործում են նաեւ հեռուստաեթերը. Պարոն Անջելիդեսի հեռուստահոլովակներից մեկում պատմվում է քաղաքական ասպարեզ նրա մտնելու, նրա ընտանիքի եւ դուստրերի մասին։

Պարոն Շվարցենեգերն իր հեռուստահոլովակներից մեկում քննադատում է իր ախոյանին, իսկ մյուսում գովազդում է որպես նահանգապետ իր ձեռքբերումները.

՚՚Իմ վարչակազմը նաեւ չափազանց եռանդունորեն աշխատել է պահպանել եւ պաշտպանել մեր նահանգի որոշ տարածքներ, որպեսզի հարատեւի մարդկանց ազգային ժառանգությունը՚՚։

Այս լարված ընտրապայքարին վերջ կդնեն նոյեմբերին կայանալիք ընտրությունները, երբ կալիֆոռնիացիները կընտրեն իրենց նահանգապետին։

XS
SM
MD
LG