Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը


Աշխարհի երկրները դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից կատարված միջուկային ստորգետնյա փորձարկումը, իսկ Չինաստանը Փհենյանին կոչ է արել վերադառնալ փակուղի մտած վեցակողմ բանակցություններին։

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Փհենյանը կատարել է միջուկային իր առաջին փորձարկումը, որն անվանել է ՚՚մեծ ցատկ առաջ՚՚։

Հարավային Կորեայի կառավարությունն իր բանակի աչալրջությունն անմիջապես բարձրացրել է ապառազմականացված գոտու սահմանում, մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկումը դատապարտել է, այն կոչելով հարված՝ միջուկային զենքի չտարածման գործընթացին։ Իսկ նախագահ Ջորջ Բուշը Վաշինգտոնում ասել է.

՚՚Միացյալ Նահանգները դատապարտում է այս սադրիչ քայլը։ Հյուսիսային Կորեան եւս մեկ անգամ անտեսում է միջազգային համայնքի կամքը, եւ համայնքը կարձագանքի՚՚։

Տիրում է այն կարծիքը, որ Փհենյանն ունի բավարար չափով ռադիոակտիվ նյութ՝ վեց ռումբ պատրաստելու համար։ Փհենյանը 2003 թվականին դուրս է եկել միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ այժմ պնդում է, որ միջուկային զենքի անհրաժեշտություն ունի Միացյալ Նահանգների ներխուժումը խոչընդոտելու նպատակով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են հավանական փորձարկումը եւ պահանջել են, որպեսզի Փհենյանը վերադառնա վեցակողմ բանակցություններին։ Նրանք նաեւ սկսել են քննարկել Հյուսիսային Կորեայի առնչությամբ Վաշինգտոնի առաջարկած որոշումը։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բոլթոնը ողջունել է այդ քայլը.

՚՚Չափազանց տպավորվել եմ Խորհրդի միաձայն որոշումից, որը համաձայնել է ազդեցիկ կերպով եւ արագորեն պատասխանել աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգին՚՚։

Միացյալ Նահանգները չի բացառել ռազմական գործողությունը Փհենյանի նկատմամբ, սակայն հայտնել է, թե ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Միաժամանակ, Հյուսիսային Կորեան չի բարձրացրել իր զինված ուժերի աչալրջությունը։ Դրա փոխարեն, երկիրը երեկ նշեց Կիմ Իլ Սունգի կողմից Կոմունիստական Կուսակցության ստեղծվելու 61-երորդ տարեդարձը։

XS
SM
MD
LG