Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների կացությունն Իրանում


Մարդու իրավունքների կացությունն Իրանում
Մարդու իրավունքների կացությունն Իրանում
<!-- IMAGE -->

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասում է, թե ՚՚անհրաժեշտ է հարգել բոլոր անձանց, ովքեր բոլորն էլ ունեն արժանապատիվ կյանքի ու արդարություն վայելելու իրավունք՚՚: Սակայն բազմաթիվ անձինք ասում են, որ այս բառերն անիմաստ են Իրանում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում:

՚՚Միջազգային Ներում՚՚ կազմակերպությունը հրապարակել է հայտարարություն, ուր դատապարտել է ՚՚Իրանում նոր ձերբակալություններն ու մարդկանց բանտ նետելը, որոնք թիրախի տակ են վերցնում մարդու իրավապաշտպաններին, փոքրամասնություն կազմող համայնքների գործիչներին եւ այլոց, ովքեր խաղաղ կերպով իրագործում են խոսքի եւ ընկերակցություններ կազմելու ազատության իրենց իրավունքը։

Բանտարկյալներից մեկը ժողովրդավարական գործիչ եւ Իրանի նախկին խորհրդարանական Ալի Աքբար Մուսավի-Խոինին է: Այս տարվա հունիսին նա ձերբակալվեց Թեհրանում կանանց իրավունքների համար կայացած խաղաղ ցույցի ժամանակ:

Սեպտեմբերի քսանմեկին, ուղեկցող պահակախմբի խիստ հսկողության ներքո պարոն Խոինիին թույլատրվեց մասնակցել իր հոր հիշատակի արարողությանը: Արարողության ժամանակ պարոն Խոինին հայտնեց, որ իրեն տանջանքների են ենթարկում Էվին բանտում, ՚՚որպեսզի ուրանամ համոզմունքներս, զղջամ գործունեությանս համար եւ ներում խնդրեմ Իրանի Գերագույն ղեկավարից, Ալի Խամենեյից՚՚,-ասաց պարոն Խորին:

Ահմադ Բաթաբին նույնպես մեծ վտանգի մեջ է Էվին բանտում: 1999 թվականին պարոն Բաթաբին ժողովրդավարամետ ուսանող ցուցարարների համար դարձավ խորհրդանիշ: Մեծ քանակով վերատպված լուսանկարներից մեկում նա պատկերված է իր եղբայրակից ցուցարարներից մեկի արյունոտ վերնաշապիկը բռնած, ում ծեծի էին ենթարկել անվտանգության ուժերի աշխատակիցները:

Տասը տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո պարոն Բաթեբին ժամանակավորապես ազատ արձակվեց 2005 թվականին: Միացյալ Նահանգների թերթերից մեկի թղթակցի հետ հարցազրույց ունենալու հետեւանքով նրան վերստին ձերբակալեցին հուլիսին: ՚՚Միջազգաին Ներում՚՚ կազմակերպությունը հայտնել է, թե Ահմադ Բաթեբիի ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը քայքայվում է ու նրան թույլ չեն տալիս բուժել իր հիվանդությունները, որոնք մարմնական տանջանքների հետեւանք են:

Միացյալ Նահանգները կոչ է արել ազատ արձակել Ահմադ Բաթեբիին եւ բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են մարդու իրավունքները պաշտպանելիս: ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ելույթ ունենալիս նախագահ Ջորջ Բուշը Իրանի ժողովրդին ասել է, թե նրանք արժանի են մեկ այլ բանի, քան ճնշումներն են.

՚՚Դուք արժանի եք ձեր սեփական ճակատագիրը որոշելու հնարավորությանը, արժանի եք մի տնտեսության՝ որը կհատուցի ձեր ընդունակությունների եւ տաղանդի համար, արժանի եք մի հասարակության՝ որը ձեզ հնարավորություն կտա իրագործելու ձեր վիթխարի հնարավորությունները՚՚:

՚՚Այս ապագային հասնելու ամենամեծ խոչընդոտը՚՚, -ասել է պարոն Բուշը,- ՚՚այն է, որ ձեր ղեկավարները գերադասում են ազատությունը մերժել ձեզ ՚՚:

XS
SM
MD
LG