Մատչելի հղումներ

Ռուսաստանի ՚՚Գազպրոմ՚՚-ի հարաճուն ազդեցությունը


Թե՛ Ռուսաստանում, եւ թե՛ արտասահմանյան երկրներում Ռուսաստանի ՚՚Գազպրոմ՚՚ ընկերության ֆինանսական կացությունն ամրապնդվելու եւ ազդեցությունն ավելանալու հետեւանքով առկա է երկյուղ, որ նաեւ ավելանում է այդ ընկերության դերը որպես քաղաքական լծակ։

Սիբիրի գազի հանքերի շնորհիվ ՚՚Գազպրոմ՚-ը դարձել է Ռուսաստանի բնական գազի խոշորագույն մատակարարը։ Ընկերությունը բավարարում է Միջին Ասիայի, Արեւելյան Եւրոպայի եւ նախկին Խորհրդային երկրների գազի գրեթե ամբողջ պահանջարկը։

՚՚Գազպրոմ՚-ի խողովակաշարերն աշխարհում ամենաերկարն են, որոնք ձգվում են 150 հազար կիլոմետր։ Ուկրաինայի հետ գազի գնի շուրջ տարաձայնության հետեւանքով Գազպրոմը կտրեց այդ երկրին առաքվող գազը, որը տագնապեցրեց Եւրոպական երկրներին։ Այս մասին Գազպրոմի խոսնակ Սերգեյ Կուպրիյանովն ասում է.

՚՚ Եւրոպական երկրները թերեւս նոր են ըմբռնում, որ գազի մատակարարման տեսանկյունից Գազպրոմը միակն է, եւ այդ իսկ պատճառով նյարդայնանում են, իսկ Եւրամիության գազի պաշարներն արագորեն սպառվում են՚՚։

Գազպրոմի ազդեցությունը հարաճուներեն ավելանում է նաեւ Ռուսաստանում։ Ընկերությունը 2001 թվականին գնեց Ռուսաստանի ՚՚Էն-Թի-Վի՚ հեռուստատեսային անկախ ցանցը։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փորձագետներից Սերգեյ Կոլչինն այս մասին ասում է.

՚՚Գազպրոմը հզոր ուժ է։ Եթե ուշադրություն դարձնելու լինեք նախկին ընտրությունների արդյունքներին, երկրի հանքարդյունաբերական հեռավոր շրջաններում ընտրողների 80 տոկոսը քվեարկեց նախագահի օգտին, որը ՚՚Գազպրոմ՚-ի օգնության շնորհիվ էր՚՚։

՚՚Գազպրոմ՚՚-ի խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը ժխտում է, թե ընկերությունը ջանում է ազդեցություն գործել երկրի քաղաքականության վրա։ Ներկայումս ասպարեզ է ելել մեկ այլ կարեւոր պետական ընկերություն, Ռոսնեֆթը, որը նախկինում փոքրիկ ընկերություն էր եւ հզորացավ մի ժամանակ մասնավոր ՚՚Յուկոս՚ նավթային ընկերության սնանկանալու հետեւանքով այն գնելուց հետո։

Օգտվելով աշխարհում նավթի եւ գազի հարաճուն պահանջարկից, Ռոսնեֆն ու Գազպրոմը դարձել են նավթ եւ գազ արտահանող Ռուսաստանի առաջատար ընկերությունները։

Վառելանյութերի դիմաց ավելի բարձր գին վճարելու սպառողների ցանկությունը նշանակում է, որ ընկերությունները Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում ձեռք են բերում կարեւոր դեր, որը չափազանց օգտակար է Կրեմլի համար։

XS
SM
MD
LG