Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում  վերջերս ավելացել է մահմեդականների դեմ բռնարարքների թիվը


՚՚Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդ՚՚ կազմակերպության, կրճատ՝ ՔԷԸՐ-ի համաձայն, Ամերիկայի ինը նահանգներում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում մահմեդականների հալածանքի, ատելության հողի վրա նրանց դեմ կատարվող հանցագործությունների դեպքերի թիվը կազմում է երկրում առկա դեպքերի ութսուն տոկոսը։

Վաշինգտոնում հաստատված քաղաքացիական իրավունքների իսլամական կազմակերպության համաձայն, ԱՄՆ-ում մահմեդականների դեմ 2005 թվականին տեղի են ունեցել խտրականության, հալածանքի եւ բռնարարքային 1972 դեպքեր, որը երեսուն տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։

Դեպքերի 80 տոկոսը տեղի են ունեցել ինը նահանգներում եւ Վաշինգտոնում։ Արսալան Իֆթիխարն ՚՚Ամերիկա-իսլամական խորհրդի՚՚ կրճատ՝ ՚՚ՔԷԸՐ՚՚ կազմակերպության իրավական հարցերով ղեկավարն է.

՚՚Դեպքերի 19 տոկոսը տեղի են ունեցել Կալիֆոռնիայում, 13-ը՝ Իլինոյսում, 9-ը՝ Նյու Յորքում, 8-ը՝ Տեխասում եւ այլն՚՚։

՚՚ՔԷԸՐ՚՚-ի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Իբրահիմ Հուփերի կարծիքով, ԱՄՆ-ում հակամահմեդական զգացումների պատճառն ՚՚իսլամատյացության քարոզչության՚՚ հետեւանք է.

՚՚Կարծում եմ, դա բորբոքվում է ինտերնետի եւ հատկապես ռադիոյի միջոցով, որով մահմեդական կրոնի մասին ամեն օր հնչում են բացասական մեկնաբանություններ՚՚։

Սակայն, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Լերդ Անդերսոնը համաձայն չէ այդ կարծիքին.

՚՚Լրատվական միջոցներն ընդամենը հայտնում են այն ամենի մասին, ինչ մահմեդականներն անում են։ Դրանք հայտնում են մարդկանց սպանվելու, ավերածության մասին։ Այդ իսկ պատճառով այս խնդրում լրատվական միջոցներին մեղադրելն ամբողջովին սխալ է՚՚։

Պարոն Իֆթիխարն ասում է, թե մահմեդականները դեռեւս շատ աշխատանք ունեն կատարելու մահմեդական կրոնի իրական բնույթի մասին ամերիկացիներին իրազեկ պահելու համար.

՚՚Կարծում եմ, այդ հարցում գլխավորը մարդկանց կրթելն է, որպեսզի մարդիկ ըմբռնեն, որ իրենց մահմեդական ընկերները, հարեւանները եւ աշխատակիցներն օրինապահ անձինք են՚՚։

՚՚ՔԷԸՐ՚՚ կազմակերպության զեկույցում նշվում է, որ ազգային պատկանելիությունից եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակից անկախ բոլոր ամերիկացիներին հավասարապես վերաբերվելու մասին օրենքը գործում է 200 տարուց ավելի, եւ որ ԱՄՆ կառավարությունն ու ամերիկյան հասարակությունը պետք է մնան հանձնառու այդ սկզբունքին։

XS
SM
MD
LG